Մատչելիության հղումներ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը կտա երկուշաբթի օրը:

Հանձնաժողովի այսօրվա աշխատանքային օրը չբավարարեց արտակարգ դրության պայմաններում բանակի ներգրավման հնարավորություն ընձեռող նոր օրինագծի կապակցությամբ դրական կամ բացասական եզրակացություն տալու համար:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նախագիծը եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը եզրակացություն պետք է տա երկուշաբթի օրը` քառօրյա նիստերի մեկնարկից առաջ հրավիրվելիք հանձնաժողովի նիստի ժամանակ:

Վիճահարույց քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նոր` կառավարության կողմից լրամշակված օրինագծում ավելացել է դրույթ, որը սահմանում է, թե որն է լինելու Զինված ուժերի անելիքը արտակարգ դրության ժամանակ: Ըստ այդմ` եթե Ոստիկանության ուժերը չեն բավարարում եւ եթե արտակարգ դրության ժամանակ ներգրավվում են Զինված ուժերը, ապա դրանց ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի անօրինական զինված խմբերի դադարեցմանը, արտակարգ իրավիճակների կանխմանը, ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների պաշտպանությանը:

Ըստ օրինագծի, արտակարգ դրություն է հայտարարվում միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին:

Հարցին, թե այդ իրավիճակներում ինչ պետք է անեն Զինված ուժերը, օրինագիծը նիստում ներկայացնող Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը պատասխանեց. - «Բանակը պետք է ներգրավվի, ըստ նախագծի, առավելապես հատուկ պահպանության օբյեկտների պահպանության գործում եւ մասնակցի այդ արտակարգ իրավիճակների կանխմանը»:

Փոխնախարարը պարզաբանեց, որ հատուկ պահպանության օբյեկտներից են ատոմակայանը, նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, դատարանները:

«Զինված ուժերի ներկայացուցիչները պետք է կանգնեն այն տեխնիկայով, որը կկիրառեն Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները նման դեպքերում: Բայց առավելապես իրենք պետք է ներգրավվեն այդ հարցերում եւ ոչ թե ուղղակի շփման մեջ մտնեն քաղաքացիական բնակչության հետ», - հավելեց փոխնախարարը:

Ըստ Գրիգոր Մուրադյանի, արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերը պետք է կանգնեն երկրորդ գծում, առաջին գծում նախատեսվում է Ոստիկանության ներկայությունը:

Միջանկյալ պարզաբանում Զինված ուժերի ներգրավման կարգի վերաբերյալ. - «Նախագահը, երբ հայտարարում է արտակարգ դրություն, կարող է այդ որոշումը կայացնել արտակարգ դրություն հայտարարելու պահին, կամ հետագայում` փոփոխություններ կատարելով իր հրամանագրում»:

Հանձնաժողովի նիստում պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի այն դրույթին, որը սահմանաում է, որ եթե Ոստիկանության ուժերը չբավարարեն, ներգրավվում են Զինված ուժերը` հայտարարեց. - «Նախագահը միշտ էլ կարող է ասել, որ չեն կարողանում ապահովել եւ հենց առաջին իսկ պահից ներգրավի»:

Արդարադատության փոխնախարարն այդպես էլ չմեջբերեց Սահմանադրության այն կետը, որը սահմանում է Զինված ուժերը, կառավարության որակմամբ` «զանգվածային անկարգություններ» համարվող իրավիճակում օգտագործելու հնարավորությունը, այլ ներկայացրեց Սահմանադրության դրույթի վերաբերյալ մեկնաբանությունը, որի կապակցությամբ անկախ փորձագետները հանդես են գալիս քննադատությամբ:

«Մենք ասում ենք` Զինված ուժերը կոչված չեն պայքարելու զանգվածային անկարգությունների դեմ: Ամենեւին: Բայց եթե այլ կերպ հնարավոր չէ, Զինված ուժերը կարող են օգտագործվել, ընդ որում` այնպիսի ստորաբաժանումները, որոնք հատուկ պատրաստություն են անցել Ոստիկանության զորքերի համար սահմանված կարգով», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հայաստանի սահմանադրությունը ընձեռում է հնարավորություն, որ Զինված ուժերը օգտագործվեն նաեւ ոստիկանական գործառույթներ իրականացնելիս, Գրիգոր Մուրադյանը պատասխանեց. - «Անվտանգության նկատառումները թույլ են տալիս, որպեսզի Զինված ուժերը օգտագործվեն: Այսպես է ամբողջ աշխարհում»:

Իսկ հարցին, ինչու չկա սահմանազատում, թե Զինված ուժերը որ իրավիճակում պետք է օգտագործել, փոխնախարարը պատասխանեց. - «Հստակ դեպքերը կան: Գրված է նաեւ հետեւյալը, որ եթե ներգրավվում են Զինված ուժեր, միայն այն դեպքում, երբ Ոստիկանության, Ազգային անվտանգության ուժերը բավարար չեն»:

Դիտարկմանը, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Զինված ուժերը ցուցաբերում են քաղաքացիական չեզոքություն, Մուրադյանը արձագանքեց. - «Մեր Սահմանադրությունը ամրագրում է, որ Զինված ուժերը կարող են օգտագործվել երկրի անվտանգության, պաշտպանության ապահովման համար: Սահմանադրական կարգին սպառնացող վտանգները ուղղակի սպառնալիք են մեր ներքին անվտանգությանը»:


XS
SM
MD
LG