Մատչելիության հղումներ

«1453»-ը հրահրել է հույների զայրույթը


Թուրք ռեժիսոր Ֆարուք Աքսոյի «1453 թվականի նվաճում» ֆիլմը Կոնստանդնուպոլսի գրավման մասին Թուրքիայում դարձել է «բլոքբասթեր»։ Առաջիկայում այն կցուցադրեն նաեւ արտասահմանում։

1453 թվականին թուրք-օսմանները նվաճել են Կոնստանդնուպոլիսը, Բյուզանդիայի կայսրության մայրաքաղաքը, որն այն դարաշրջանում հաճախ անվանել են նաեւ «երկրորդ Հռոմ»։

Թուրքերն իրենց պատմության փառավոր էջերից են համարում Մեհմեդ Երկրորդի կողմից անառիկ ամրոցի համբավ ունեցող Կոնստանդնուպոլսի գրավումը։

Այս տարվա փետրվարի 16-ին Թուրքիայի կինոթատրոններում «1453 թվականի նվաճում» գեղարվեստական կինոնկարի պրեմիերան էր։

Երկուեւկես ժամ տեւողության ֆիլմում կան պատերազմի ազդեցիկ տեսարաններ, արյունահեղություն, դաժան կռիվներ, «հերոսամարտ», որի ընթացքում թուրքերը պարտության են մատնում հույներին։

Հույն պատմաբանները եւ կինոգետները դեռ այս տարեսկզբին են քննադատական հոդվածներ հրապարակել այդ ֆիլմի մասին։

«Ռեժիսոր Ֆարուք Աքսոյի ֆիլմում թուրքերը պատկերված են որպես աշխարհի տիրակալներ։ Խոսք իսկ չկա այն մասին, որ Կոնստանդնուպոլսի գրավումն ուղեկցվել է հույն խաղաղ բնակչության դաժան զանգվածային սպանդով եւ թալանով», - գրել է «Տո Պրոտո Թեմա» պարբերականը։

Մինչդեռ ժապավենը նկարահանած «Աքսոյ Ֆիլմ Փրոդաքշըն» ընկերության խոսնակը պնդում է, որ դեռ նկարահանումներից առաջ թուրք անվանի պատմաբանները ընթերցել են սցենարը եւ դրան հավանություն են տվել։

Ֆիլմի համար, որի նկարահանումները երեք տարի են տեւել, ծախսվել է 17 միլիոն դոլար, ինչը բավական համեստ գումար է արեւմտյան «բլոքբասթերների» համար ծախսված հարյուրավոր միլիոնների համեմատությամբ։

Մի ուշագրավ մանրուք` «1453 թվականի նվաճումը» ֆիլմի պրեմիերան թուրքական կինոթատրոններում առաջին օրը ցուցադրվել է ճիշտ ժամը 14-ն անց 53-ին։

Այսօրվա դրությամբ ֆիլմը Թուրքիայում արդեն դիտել է 1 միլիոն 400 հազար մարդ։

The Wall Street Journal պարբերականը նշում է, որ անցած տասնամյակների ընթացքում Թուրքիայում ինչ-որ իմաստով փորձել են ձերբազատվել օսմանյան անցյալից, սակայն վերջին ժամանակահատվածում այդ թեմայի վերածնունդ է` հրատարակվում են գրքեր, նկարահանվում են ֆիլմեր եւ հեռուստասերիալներ։

Սա անխուսափելիորեն խթանում է ազգայնական տրամադրությունները մի երկրում, որը ղեկավարում են չափավոր իսլամիստները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG