Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ուզում է առանց նախապայմանների մուտք ունենալ Ղարաբաղ


Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակին ասել է, որ ԵՄ-ն ուզում է «առանց նախապայմանների մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ»:

«Եվրամիությունը ուզում է ընդարձակել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Սա չի նշանակում, թե նրանք ուզում են փոխարինել Ֆրանսիային, նրանք չեն ցանկանում այդչափ հեռու գնալ, սակայն Եվրամիությունը ուզում է ավելի ակտիվ լինել մի շարք հարցերում, ասենք՝ երկու ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման, ականազերծման եւ այլն... Իսկ որ ամենակարեւորն է՝ Եվրամիությունն ուզում է առանց նախապայմանների մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ, եւ սա նորություն է», - փոխանցում է Ռիկարդ Յոզվյակը՝ դիվանագետի հետ ունեցած զրույցից։

Այս պահին դեռեւս կուլիսներում շրջանառվող այդ առաջարկի համաձայն, Եվրամիությունը փաստորեն ուզում է, որ իր դիվանագետները, ներկայացուցիչները անարգել, առանց Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն հայցելու մուտք ունենան Ղարաբաղ՝ պատճառաբանելով, թե ԵՄ-ն չի կարող լոկ դիտորդի դեր ստանձնել այս հարցում։

«Եվրոպացի պաշոնյաները իրենց փաստարկներն են բերում՝ պնդելով. մենք հարաբերվում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բազմաթիվ հարցերում, բանակցություններ ենք վարում առեւտրի ազատականացման, վիզաների դյուրացման ու այլ հարցերի շուրջ, սակայն ամբողջովին դուրս ենք թողնված ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։ Մինչդեռ սրանք ամենեւին էլ իրարից տարանջատ ուղղություններ չեն, եւ Եվրամիությունը ուզում է ավելի կառուցողական դեր ունենալ այս հարցում», - ասում է Ռիկարդ Յոզվյակը։

Ակնկալվում է, որ Եվրամիության նախարարների խորհուրդը երկուշաբթի օրը կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում, եւ կընդունի փաստաթուղթ, այսպես ասած՝ եզրակացություն, որով եւս մեկ անգամ կընդգծի, որ պատրաստ է շարունակել աջակցությունը ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերիշխանությանն ու այս տարածաշրջանի բարգավաճմանը։ Միաժամանակ, Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, նախարարները կընդգծեն տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG