Մատչելիության հղումներ

Լուծվել է Թումանյանի թբիլիսյան բնակարանի հարցը


Լեւոն Անանյանը եւ Իրմա Սաֆրազբեկյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Լեւոն Անանյանը եւ Իրմա Սաֆրազբեկյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի երկարամյա պատմությունը երեկ վերջապես գտել է իր հանգուցալուծումը:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նվիրատվության շնորհիվ բնակարանը ձեռք է բերվել եւ այժմ պատկանում է Գրողների համահայկական հիմնադրամին:

«Գործարքը [երեկ կեսօրին] կնքվեց 145 հազար ամերիկյան դոլարով, որը շատ սիրով փոխանցեց իբրեւ նվիրատվություն Գյումրիի քաղաքապետը` իր եղբայրների հետ միասին», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Անանյանի պարզաբանմամբ` գնված բնակարանը որոշ ժամանակ կմնա որպես հիմնադրամի սեփականություն. - «Այնուհետեւ, ըստ կարգի, Հայաստանի կառավարությունը, վիրահայոց թեմը, Վրաստանում Հայաստանի դեսպանը եւ հայկական համայնքը միասնաբար կորոշենք, թե ինչ առաքելություն եւ նպատակ ունի հետագայում Թումանյանի բնակարանը: Մի բան հստակ ու պարզ է, որ դա պետք է լինի մշակութային հայ օջախ եւ անպայման պիտի կրի Հովհաննես Թումանյանի անունը»:

Վերջին տասը տարիներին բազմիցս բարձրացվել էր Թումանյանի թբիլիսյան բնակարանի հարցը: Բնակարանի արդեն նախկին սեփականատեր, վրացի գործարար Արշիլ Լեժավան բազմիցս ասել էր, որ պատրաստ է հայկական կողմին վաճառել բնակարանը: Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանն իր հերթին բազմիցս դիմել էր տարբեր ատյանների, բայց այդպես էլ արդյունքի չէր հասել:

Անցյալ ամիս հարցը նորից բարձրացվեց եւ, բարեբախտաբար, Հայաստանից մեկնած պատվիրակությունը հաջողությամբ կատարեց իր առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG