Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանձնել է 2011 թվականի պետական մրցանակները


Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս մասին ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Մրցանակները նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել են 2011թ. տարեվերջին` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները:

Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակ է շնորհվել Մովսես Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար, երաժշտության ոլորտում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին` «Երեւանյան ռապսոդիա» ստեղծագործության համար, թատերական արվեստի եւ կինոարվեստի ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին (բեմադրության հեղինակ), ՀՀ վաստակավոր նկարիչ, թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանին (ներկայացման նկարչական ձեւավորման եւ զգեստների հեղինակ), Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին եւ Գրիգոր Գաբրիելյանին (դերասաններ)` Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար:

Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին եւ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Դվոյանին` «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG