Մատչելիության հղումներ

Փետրվարի 24-ի մամուլ


Անդրադառնալով Մաշտոցի պողոտայի տաղավարների վերաբերյալ քաղաքապետի հայտարարությանը` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սահմանադրությունը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով-բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից: Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց: Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում` սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն անվանի գործարարների կրպակների կառուցմանը… Երկիրս երկիր չի. որովհետեւ եթե երկիր լիներ, հիմա ոչ թե բնապահպանները պետք է սառույցների վրա նստած լինեին, այլ Աբովյան փողոցի մայթերը այդ գործարարներին սեփականաշնորհած, այդ սեփականաշնորհումը հաստատած, շինարարության թույլտվությունը տված, նախագծեր կազմած ու հաստատած չինովնիկները նստած պիտի լինեին մեղադրյալի աթոռին»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Ի՞նչ է այնուամենայնիվ հարկավոր ընտրություններում հաղթելու համար։ Ոմանք ասում են՝ վարչական ռեսուրս, մյուսները՝ փող, երրորդները՝ խելացի ու խորամանկ պիար։ Իհարկե, այդ ամենը հաջողության պարտադիր բաղադրատոմսերն են։ Սակայն պետք չէ մոռանալ, որ շատ բան կախված է նրանից, թե ճի՞շտ է արդյոք գուշակված ընտրությունների գլխավոր մեղեդին, թեմա, որը չի կարող անուշադրության մատնել թեկնածուներից եւ ոչ մեկը։ Կար ժամանակ, երբ ձայներ նվաճելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել նոմենկլատուրային արտոնությունների դեմ պայքարող անհաշտ մարտիկի համբավ։ Հետո ի հայտ եկան սեփականաշնորհման արդյունքների վերանայման, ժողովրդի աղքատացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ թեմաները։ Եվ, բնականաբար, յուրաքանչյուր ընտրության ժամանակ անխնա չարաշահվում էր Արցախյան հիմնախնդիրը։ Նա, ով ճիշտ է գուշակում մեղեդին, այսինքն՝ ընտրողների տրամադրությունները, ստանում է լուրջ առավելություններ»։

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Այլեւս պարզ է, որ Ազգային ժողով մտնելու ցանկություն ունեցող օլիգարխների մեծ մասը իրենց թեկնածությունն առաջադրելու են մեծամասնական ընտրակարգով: Հիմա հարց է առաջանում` այդ դեպքում ինչպե՞ս է իրականացվելու իշխանությունից գործարարների տարանջատման` հանրապետության նախագահի խոստումը, հավաստիացումը: Կամ` իրականացվելո՞ւ է, արդյոք, ընդհանրապես: Եթե այո, ապա մինչեւ այդ մարդկանց առաջադրումը իշխանությունը պետք է համոզիչ կերպով բացատրի` եթե ընտրությունների միջոցով պառլամենտը նրանցից ազատագրելը չէ միջոցը, ապա ո՞րն է, որպեսզի մարդիկ համոզվեն, որ նախագահի խոսքն արժեք ունի: Եթե ոչ, ապա ստացվելու է, որ պետական իշխանությունն անզոր է օլիգարխիայի նկատմամբ, եւ ընտրությունները պարզապես վավերացնելու են պետության վերջնական պարտությունը նրանց նկատմամբ` ամրագրելով, որ երկրում հաստատվում է դասական օլիգարխիկ կառավարման համակարգ»:

«Իրատես de facto»-ին տված հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ասում է. - «2007-ի եւ 2012-ի ընտրությունների միջեւ սարուձորի տարբերություն կա: Հասարակությունը մարտի 1-ից հետո բավականին հասունացել է, դրան գումարած բավականին ակտիվացել են հասարակական, քաղաքացիական նախաձեռնությունները, սոցցանցերը տեղեկատվության հզոր միջոց են դարձել: 2007-ի համեմատ նաեւ վատթարացել է սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ 40 տոկոս աղքատություն ունեցող երկրում հնարավոր չէ իշխանությունների հանդեպ մեծ սեր ունենալ: Չեմ կարծում, որ խորհրդարանում ուժերի տեղաբաշխումը նույնը կլինի: Եթե իշխանությունները մտավախություն չունենային, կհամաձայնեին 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն: Այսուհանդերձ, չեմ կարծում, որ 2012-ին կլինի նույն վիճակը, ինչ 2007-ին: Միեւնույն է, որոշակի փոփոխություն լինելու է, եւ եթե իշխանությունը հետեւի իր խոսքին ու ազատ, արդար ընտրություններ անցկացնի, հաջորդ խորհրդարանում լրիվ այլ պատկեր կլինի»:

«Ժամանակ»-ը գրում է. - «ԲՀԿ նոր անդամ Վարդան Օսկանյանը օրերս հայտարարել էր, որ փաստացի կոալիցիա այլեւս չկա եւ լինելու է մրցակցություն կոալիցիոն կուսակցությունների միջեւ: Իհարկե, Օսկանյանին կարելի է հարցնել, թե ինչու այդ դեպքում արդեն իր հարազատ ԲՀԿ-ն դուրս չի գալիս կոալիցիայից, չի հայտարարում դրանից հեռանալու մասին, այդպիսով հանրությանն ավելի համոզիչ դարձնելով, որ ինքը մտադիր չէ լինել ՀՀԿ հանցակիցը խորհրդարանի առաջիկա ընտրության թվանկարչության կամ ընդհանրապես պետական կառավարման համակարգի արատավոր ղեկավարման հարցում: Չէ՞ որ եթե ԲՀԿ-ն լավ կարծիքի է այդ ղեկավարման մասին, կշտապեր հայտարարել ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակի մասին, իսկ Վարդան Օսկանյանին էլ տեղ չէր տա իր կուսակցական շարքերում: Չէ՞ որ Օսկանյանը արդեն չորս տարի է , ինչ հանդիսանում է Սերժ Սարգսյանի քաղաքականության քննադատներից մեկը: Բայց ԲՀԿ-ն մնում է կոալիցիայում, որովհետեւ, ԲՀԿ-ն ոչ թե ինչպես Օսկանյանն է կարծում՝ պայքարելու է արդար ընտրության համար, այլ պարզապես կեղծված ընտրության իր փայն է վերցնելու իր վարչական, իշխանական ռեսուրսով, որի մի ահռելի մասից կարող է զրկվել, եթե դուրս գա կոալիցիայից»:

please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG