Մատչելիության հղումներ

Թունիսում տեղի կունենա «Սիրիայի բարեկամների» հանդիպումը


Սիրիա -- Բողոքի ակցիա խորհրդարանի շենքի առջեւ, Դամասկոս, 21-ը փետրվարի, 2012թ.

Սիրիա -- Բողոքի ակցիա խորհրդարանի շենքի առջեւ, Դամասկոս, 21-ը փետրվարի, 2012թ.

Թունիսում այսօր կմեկնարկի Սիրիայի բարեկամների՝ արեւմտյան եւ արաբական շուրջ 7 տասնյակ երկրների հանդիպումը, որի նպատակն է դադարեցնել երկրում շուրջ մեկ տարի շարունակվող արյունահեղությունը։

Խումբը, հիշեցնենք, ձեւավորվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող բանաձեւը, Արեւմուտքն էլ հայտարարեց, թե միեւնույնն է` ձեռքերը ծալած չի նստի եւ նոր քայլեր կձեռնարկի խաղաղ բնակչությանը աջակցելու համար։

Այսօր, ըստ արեւմտյան լրատվամիջոցների, Թունիսում հավաքված պետությունները կոչ կանեն Սիրիայի իշխանություններին վայր դնել զենքերը եւ հաշվված օրերի ընթացքում մարդասիրական ճանապարհ բացել միջազգային համայնքի աջակցության համար։

«Մենք մարտահրավեր կնետենք Սիրիայի իշխանությանը եւ կսպասենք արձագանքի»,–«Ռոյթերզ» գործակալությանն ասել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա` առանց մանրամասնելու՝ ինչ քայլեր կձեռնարկվեն, եթե Ասադի վարչակազմը, այդուամենայնիվ, մերժի խմբի պահանջը։

«Սիրիայի բարեկամները» այս պահին խուսափում են նաեւ հստակեցնել՝ արդյոք պատրաստ են զենք–զինամթերք տրամադրել Ասադի դեմ պայքարող ընդդիմադիրներին, ինչի հնարավորությունը շաբաթասկզբին չհերքեց նաեւ Միացալ Նահանգները։

«Այս պահին մեր հիմնական նպատակն է` կենտրոնանալ մարդասիրական հարցերի վրա»,- ասել է Վաշինգտոնի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ բարեկամ երկրները ուզում են աշխատել ընդդիմության հետ՝ իշխանության փոխանցման պրագմատիկ եւ արդյունավետ ծրագիր մշակելու համար։

Ռուսաստանն ու Չինաստանն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի այս հավաքին: Այդուամենայնիվ, Արեւմուտքը վստահ է, որ կկարողանա միասնական դիրքորոշում արտահայտել եւ հստակ ուղերձ հղել ոչ միայն Ասադի վարչակազմին, այլեւ Մոսկվային ու Պեկինին։

«Մենք հստակ ուղերձ կհղենք Ռուսաստանին, Չինաստանին եւ բոլոր այն երկրներին, որոնք մինչ այժմ վստահ չեն՝ ինչպես է պետք կանխել Սիրիայում ահագնացող բռնությունները եւ փոխարենը, ցավոք սրտի, մինչ օրս սխալ որոշումներ են կայացնում»,- նախօրեին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ արդեն շուրջ 11 ամիս երկրում շարունակվող հակակառավարական ցույցերի եւ ընդդիմության դեմ՝ Ասադի բիրտ գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 7.5 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG