Մատչելիության հղումներ

Եվրանեսթի առաջին արտագնա նիստին` Երեւանում, մասնակցել է նաեւ ադրբեջանական պատվիրակությունը: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի հայ համանախագահ Արտակ Զաքարյանը այսօր դժվարացավ հստակ պատասխան տալ հարցին, թե արդյո՞ք Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը կմասնակցի ապրիլի սկզբին Բաքվում կայանալիք լիագումար նիստին:

«Ադրբեջանցիները Հայաստանում, ըստ էության, նույնիսկ անվտանգության հատուկ միջոցառումների կարիք էլ չունեն` ի տարբերություն մեզ, [եթե գնանք Ադրբեջան]: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ երբ ժամանակը գա, ավելի պարզ կլինի: Իհարկե, ցանկությունը կա մասնակցելու, եւ եթե հնարավորություններ լինեն երաշխիքների հետ միասին, կարծում եմ, որ ճիշտ կլինի մասնակցելը, որովհետեւ դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա Եվրանեսթի միջոցառումն է», - ասաց Զաքարյանը:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիեւն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտությանը` ասելով, թե «իրենց տարածքների 20 տոկոսը գրավված է, եւ կան մեկ միլիոնից ավելի փախստականներ»: Հայ պատվիրակներն էլ հորդորել էին քաղաքական հարցեր չբարձրացնել Եվրանեսթի հարթակում: Հասարակական եւ պառլամենտական մակարդակում երկխոսության փորձեր անել պետք է, նշել էին ՀՀԿ-ական անդամները, սակայն, օրինակ, ԼՂ խնդիրը ոչ թե Եվրանեսթի, այլ Մինսկի խմբի իրավասության սահմաններում է:

«Խնդիրներ, որոնք ուղղակիորեն կախված են կոնֆլիկտի հետ, դրանք ընդհանրապես չբարձրաձայնել. հատկապես, որ մեր հաջորդ լիագումար նիստը նախատեսված է Բաքվում, եւ օրակարգը այնպիսին է, որ իր մեջ չպետք է ներառի որեւէ նմանատիպ հարց», - ասաց Զաքարյանը:

Նշված հանձնաժողովի մյուս` լիտվացի համանախագահ Լայմա Անդրիկիենեն, ամփոփելով երեւանյան խորհրդաժողովի աշխատանքները, այդուամենայնիվ, անդրադարձավ ղարաբաղյան խնդրին:

«Բարձրացված հարցերը վերաբերում էին քաղաքացիական հասարակությանը Հայաստանում, գալիք խորհրդարանական ընտրություններին: Եղել են նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս հարցում կան երեք կարեւոր սկզբունքներ, որոնց մենք պետք է հետեւենք` ազգային ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ խնդրի խաղաղ լուծում», - ասաց Անդրիկիենեն:

Դաշնակցական պատգամավոր, Եվրանեսթի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եվրաինտերգրմանն ուղղված նմանատիպ պլատֆորմները, ինչպիսին Եվրանեսթն է, ավելի շատ կոչեր են պարունակում, քան պրակտիկ աշխատանք:

«Միջազգային կառույցներում ընդհանուր լոզունգային, արդեն ծեծված ճշմարտություններ շատ կան, որովհետեւ առարկայական գործողությունների ծրագրային մասը թույլ է, քանի որ պետք է մի շրջագծում մնալ, որը ընդհանրական է բոլորի համար: Բայց մյուս կողմից եվրոպական ընտանիքի անդամագրումը մեզ պարտավորությունների մի դաշտ է բերում, որը ես շահեկան եմ տեսնում գոնե բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք ունենալու իմաստով», - ասաց Գալստյանը:

Հիշեցնենք, Եվրանեսթը Եվրոպական Միության կողմից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի ու Մոլդովայի հետ իրականացվող «Արեւելյան գործընկերություն» ծրագրի, խորհրդարանական բաղկացուցիչն է: Հետխորհրդային վեց երկրների ու Եվրամիության խորհրդարանների անդամները Եվրանեսթի շրջանակներում կանոնավոր համաժողովներ, նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկումներ են ծավալվում եւ բանաձեւեր են ընդունվում տարբեր հարցերի վերաբերյալ: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանդիպումն առաջին անգամ տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG