Մատչելիության հղումներ

Դինքի գործը քննած դատարանը զեկույց է հրապարակել


Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի առթիվ ցույցը Ստամբուլում: 19-ը հունվարի, 2012թ.
Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի առթիվ ցույցը Ստամբուլում: 19-ը հունվարի, 2012թ.
Դինքի գործը Թուրքիայում կարծես միջգերատեսչական հակամարտության է հանգեցնում:

Գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ հակասությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Դա պարզ դարձավ այսօր, երբ հինգ տարի շարունակ Դինքի գործը քննած Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը 200 էջանոց մի փաստաթուղթ հրապարակեց, որով մեկ անգամ եւս վերահաստատում է հունվարին կայացված դատավճռի իրավացիությունը:

Հիշեցնեմ, որ թուրքական դատարանը հայտարարեց, թե ապացուցված չէ, որ Դինքի սպանությունը կազմակերպված դավադրության արդյունք էր: Ավելին` թուրք դատավորները արդարացրեցին հայազգի լրագրողի սպանության առանցքային դերակատարներից մեկին` տրապիզոնցի ազգայնական Էրհան Թունջելին:

Դատարանի հրապարակած այս ծավալուն մեկնաբանությունը Թուրքիայում արդեն իսկ ընկալում են որպես յուրատեսակ պատասխան նախագահ Գյուլին, ում անմիջական ենթակայության տակ գործող Պետական վերահսկողական խորհուրդը երեք օր առաջ 600 էջանոց մի զեկույց էր հրապարակել` միանշանակորեն պնդելով, թե թուրքական իշխանությունները թերացել են բոլոր մակարդակներում:

Նախագահի Վերահսկողական ծառայության աշխատակիցները, մասնավորապես, նշում էին, որ իրավապահները չեն կարողացել կանխել Հրանտ Դինքի սպանությունը, ինչպես նաեւ` ծրագրվող մահափորձի մասին տեղեկատվությունն ունենալով` որեւէ հակաքայլ չեն ձեռնարկել:

Ստամբուլի դատարանը, սակայն, այսօր հրապարակած զեկույցում կարծես փորձում է արդարացնել սեփական գործողությունները: Դատարանի հրապարակած զեկույցի հիմնական ուղերձը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ. «Դատարանն ուներ բազմաթիվ կասկածներ եւ ոչ մի ապացույց»:

«Դատավարության ողջ ընթացքում դատարանը բախվեց մի իրողության, երբ խիստ անբնական էր թվում, որ կասկածյալները կարող են որոշում կայացնել մի այնպիսի սպանության իրագործման մասին, որն ի վերջո հանգեցնելու է նման մեծաքանակ քաղաքական հետեւանքների», - նշում է Ստամբուլի 14-րդ Քրեական դատարանը:

Դատարանի մեկնաբանության մեջ նաեւ կարդում ենք. - «Այդ անբնական վիճակը ինքնաբերաբար կասկածներ էր առաջացնում, որ Դինքի սպանության ետեւում ինչ-որ հանցավոր խմբավորում է կանգնած»:

«Պետք չէ սակայն մոռանալ, որ կասկածանքը դատական իրավունքի այն նորմերից է, որ մշտապես դիտարկվում եւ մեկնաբանվում է հօգուտ կասկածյալի», - նշում են թուրք դատավորները` փաստորեն անուղղակիորեն մեղադրելով նախաքննության մարմնին, թե այն ի վիճակի չի եղել հիմնավորել առկա կասկածները:

«Սա է պատճառը, որ կասկածյալները պետք է արդարացվեին գոնե ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու դրվագով, քանի որ այդ փաստը հիմնավորող որեւէ իրական ապացույց դատարանին այդպես էլ չներկայացվեց», - նշված է հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG