Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում այսօր հոգեկան խնդիրներ ունեցող 44.000 մարդ է հաշվառված:

Սրանք այն մարդիկ են, ովքեր դիմել են հոգեբուժական ծառայությունների: Բնականաբար, կան նաեւ այնպիսիք, ովքեր չեն դիմել մասնագետների, իսկ պատճառը տարածված «ամոթ է» արտահայտությունն է:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշեց, որ հոգեկան խանգարումները բուժվում են, եթե ժամանակին հայտնաբերվեն եւ լինի մասնագետների միջամտությունը:

«Նախկինում մտածում էին, որ հոգեկան հիվանդությունները անբուժելի են, որ դա խայտառակություն է կամ չգիտես ինչ է: Այսօր հոգեբուժական գիտության մեջ նման իրավիճակ չկա: Գործնականում բոլոր հիվանդությունները բուժելի են՝ ժամանակին հայտնաբերվելու դեպքում: Շատ հազվագյուտ դեպքերում կարող ենք ունենալ ոչ բուժելի դեպքեր», - ասաց Արմեն Սողոյանը:

Նրա ձեւակերպմամբ` ամբողջ աշխարհում նկատվում է հոգեկան խանգարումների աճ` պայմանավորված նաեւ զարգացող երկրների սոցիալական պայմաններով: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, 450 մլն մարդ հոգեկան խնդիրներ ունի եւ առնչվում է հոգեբուժական ծառայությունների հետ:

Ըստ Արմեն Սողոյանի, ժամանակին ստացած բուժումը կանխում է հետագայում հնարավոր բարդացումները եւ հաշմանդամությունը: Նրա խոսքով, եթե հոգեկան հիվանդությունները ժամանակին չբուժվեն, դրանք 70-90 տոկոսի դեպքում առաջացնում են հաշմանդամություն:

Կան տարիքով պայմանավորված հիվանդություններ. օրինակ՝ պատանեկան տարիքում հայտնաբերվող հիվանդություններից են փսիխոպատիաները: Շիզոֆրենիայի դեպքերը հանդիպում են 18-35 տարեկանում: էմոցիոնալ հոգեկան խանգարումները բնորոշ են կանանց, իսկ տղամարդիկ հոգեկան խանգարումներ կարող են ստանալ ծանր սոցիալական վիճակում հայտնվելու հետեւանքով:

«Տնտեսական ծանր վիճակի դեպքում տղամարդկանց մոտ խնդիր է առաջանում ընտանիքի հոգսը հոգալու: Երբ չեն կարողանում դա անել, նրանց մոտ առաջանում են սթրեսներ, դեպրեսիաներ», - ասաց բանախոսը:

Հոգեկան հիվանդությունների պատճառ կարող են դառնալ դեռ փոքր տաիրքում երեխաների տարած ինֆեկցիոն հիվանդությունները, սթրեսները, դաստիարակության մեթոդները, ինչպես նաեւ հղիության ընթացքում կնոջ՝ ալկոհոլ չարաշահելը, ծխելը, ոչ առողջ ապրելակերպը:

XS
SM
MD
LG