Մատչելիության հղումներ

Բնապահպանները հանրային սեփականության իրավունքի գերակայություն են պահանջում


«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը արձագանքել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախօրեին արված հայտարարությանը:

Հակադարձելով քաղաքապետի դիտարկմանը, թե այգու խնդրի շուրջ հնչող տեսակետները հիմնականում «հուզական բնույթի են», ակտիվիստները իրենց հայտարարության մեջ նշում են, որ շինարարությանն առնչվող բոլոր իրավախախտումների մասին թե բանավոր, թե գրավոր հայտնել են քաղաքապետին, ուստի «հանրային այս զբոսայգին պաշտպանող քաղաքացիներն իրենք են շահագրգռված այդ հարցը լուծել ոչ թե հուզական, այլ առարկայական եւ օրինական դաշտում»:

Համաձայնելով Տարոն Մարգարյանի այն պնդմանը, թե առանց սեփականության իրավունքի պաշտպանության անհնար է որեւէ զարգացում, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները շեշտում են, որ այդ հարցադրումը վերաբերում է ոչ միայն մասնավոր, այլեւ հանրային սեփականությանը` վկայակոչելով սահմանադրության 31-րդ հոդվածը, որը նշում է` «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը»:

«Ձեռնարկատերերի փոխհատուցումը չի կարող գերակայել Երեւանի բնակիչների շահի նկատմամբ, առավել եւս որ տվյալ ձեռնարկատերերը տարիներ շարունակ շահույթ են ստացել հենց հանրային տարածքների հաշվին», - ասված է հայտարարության մեջ:

«Ինչպե՞ս է եղել, որ հանրային եւ կանաչապատ տարածքներում, տվյալ դեպքում Աբովյան փողոցում տաղավարներ են դրվել եւ տրվել է սեփականության իրավունք: Այսինքն ինչո՞ւ են այն ժամանակ հանրային տարածքները տվել ինչ-որ մեկին սեփականության իրավունքով, եւ այս պահի դրությամբ մենք դրա պատճառով չգիտենք ինչ անենք: Ի սկզբանե հանրային իրավունքն է խախտվել», - մանրամասնում է բնապահպան Գոռ Հակոբյանը:

Չնայած Տարոն Մարգարյանի պնդմանը, որ ամեն ինչ օրինական է, ակտիվիստները կրկնում են, որ կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը չի համապատասխանում օրենսդրական մի շարք նորմերի եւ ոտնահարում է երեւանցիների` առողջ եւ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը: Զբոսայգու, ինչպես քաղաքապետն էր ձեւակերպել, «ոչ կանաչապատ, անբարեկարգ եւ անխնամ» վիճակը, ըստ ակտիվիստների, Երեւանի քաղաքապետարանի եւ «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության անբարեխիղճ գործունեության հետեւանք է:


«Շատ վատ որոշումը փոխարինվել է տանելի որոշումով»

Այսօր ավելի ուշ Հանրային խորհրդում հրավիրված քննարկմանը Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ասաց, թե «շատ վատ որոշումը փոխարինվել է տանելի որոշումով». - «Մենք Աբովյան փողոցի մաքրելը ավելի ենք կարեւորել, քան այնտեղ ունենալ մի քանի տարով այդ կրպակները»:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քննարկման ժամանակ:
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քննարկման ժամանակ:
​Նրա խոսքով` Մաշտոցի այգին ընտրվել է այն հիմնավորմամբ, որ այն բարեկարգ վիճակում չէր: Սարգսյանը նաեւ ասաց, թե քաղաքապետը օգտվել է իր իրավունքից` այգիներում տաղավարների համար տրամադրել տարածք, որը չի գերազանցի այգու10 տոկոսը. - «Մենք հաշվել ենք. դա չի գերազանցում 9 տոկոսը»:

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը չասաց, թե ում են վարձակալության տրվելու Մաշտոցի այգու կրպակները` պնդելով, թե որեւէ պայմանագիր չի կնքվել:

«Մենք դեռ չունենք` այդտեղ ինչ է լինելու: Օրինակ, մենք բոլորովին չենք բացառում, որ բանակցենք այդ մարդկանց հետ, այդ ամբողջը լինի գրքերի վաճառքի տեղ», - ասաց նա:

Ակտիվիստները միասնական որոշմամբ չէին եկել հանդիպմանը: Նրանցից Մերի Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հանրային խորհուրդը «որոշում կայացնող մարմին չէ»: Բնապահպանները բանակցությունների կգնան միայն իրավասու մարմնի հետ եւ օրակարգային մեկ հարցով` բոլոր կրպակների անհապաղ ապամոնտաժումը:

Քննարկման ավարտին լրագրողների հետ զրույցում Նարեկ Սարգսյանը չհստակեցրեց, թե հարցի ինչպիսի լուծում է տեսնում. - «Կրպակների քանդել-չքանդելու հարց ես այսօր չեմ կարող ասել…Քաղաքապետարանի ընդհանուր քաղաքական որոշման խնդիր ինձ մի հարցրեք: Այս իրավիճակը մեր սրտով էլ չի: Ով լինի այնտեղ աշխատող, ոչ ոք չի ուզենա երիտասարդների հետ լինել բարիկադի տարբեր կողմերում: Կքննարկենք, կփորձենք լուծումներ գտնել»:

Բնապահպան ակտիվիստները Մաշտոցի այգում արդեն 13-րդ օրն են հերթապահում. նրանք միջոցառումների ժամանակացույց ունեն, որում ներառված են համերգներ, ցուցահանդեսներ, քննարկումներ:

please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG