Մատչելիության հղումներ

«Երգեք հանուն ժողովրդավարության»


Ադրբեջան -- «Եվրատեսիլ 2012»-ի խորհրդանիշը
Ադրբեջան -- «Եվրատեսիլ 2012»-ի խորհրդանիշը
Ադրբեջանի իրավապաշտպանները փորձում են օգտագործել «Եվրատեսիլի» առիթը` երկրում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:

«Երգեք հանուն ժողովրդավարության»` այսպես է կոչվում ադրբեջանցի իրավապաշտպանների հերթական նախաձեռնությունը, որի նպատակն է մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթից առաջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել երկրում մարդու իրավունքների շուրջ ստեղծված կացությանը:

«Ադրբեջանում այսօր 60 քաղաքական բանտարկյալ կա, որոնցից չորսը լրագրողներ են, եւս 60 հազար քաղաքացիների սեփականության իրավունքը խախտվել է իշխանությունների կողմից», - պնդում են նախաձեռնության հեղինակները:

Նշենք, որ «Եվրատեսիլից» առաջ ի հայտ եկած այս նախաձեռնությանը մաս են կազմում Բաքվում գործող մոտ երեք տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ: Վերջինների առկայությունը պատահական չէ, քանի որ ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ, իշխանությունները առավել ակտիվորեն են սկսել հալածել լրագրողներին նրանց մասնագիտական գործունեության պատճառով:

Վերջին դեպքը իրանական հեռուստատեսության Բաքվի թղթակից Անար Բայրամլիի` փետրվարի 17-ին տեղի ունեցած ձերբակալությունն էր:

Բայրամլիին ադրբեջանցի ոստիկանները մեղադրում են առանց թույլտվության թմրանյութեր պահելու եւ ոստիկանությանը դիմադրելու մեջ: Իրավապաշտպանները, սակայն, համոզված են, որ Իրանի հեռուստատեսության թղթակցի ձերբակալությունն իրականում բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի:

«Երգեք հանուն ժողովրդավարության» նախաձեռնության հեղինակներից մեկը` հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է. - «Մինչեւ մայիս մենք «Եվրատեսիլ-2012»-ի բոլոր մասնակիցներին հատուկ դիմումի ձեւեր կուղարկենք, որոնք նրանք կլրացնեն եւ կուղարկեն թե՛ Իլհամ Ալիեւին, եւ թե՛ «Եվրատեսիլ» մրցույթի կազմկոմիտեի անդամներին: Այդ դիմումով նրանք կոչ կանեն Ադրբեջանի իշխանություններին` հարգել մարդու հիմնարար իրավունքները»:

Ադրբեջանի իրավապաշտպանները նշում են, որ իրենք պաշտպանում են բոլորին` «իսլամիստներից մինչեւ աշխարհիկ կարգերի աջակից երիտասարդ ակտիվիստները» եւ հայտարարում, որ իրենց հիմնական նպատակը առաջիկա ամիսներին լուրջ հաջողություն արձանագրելն է:

«Ակնկալում ենք, որ մեր համատեղ ջանքերով բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն մինչեւ «Եվրատեսիլ 2012»-ի անցկացումը», - հայտարարել է «Երգեք հանուն ժողովրդավարության» նախաձեռնողներից բաքվեցի լրագրող Շահվելեդ Չոբանօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG