Մատչելիության հղումներ

Փետրվարի 23-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություն է հայտնել ընտրությունների նախօրեին իշխանության եւ ընդդիմության միջեւ առկա խորը անվստահության կապակցությամբ, որը կապված է ընտրություններից սպասելիքների հետ: 2008-ի ընտրություններից հետո ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի հիմնական պահանջը իշխանություններից Ընտրական օրենսգրքի բարեփոխումն էր իշխանության եւ ընդդիմության միջեւ անվստահության վերացման խնդիրը լուծելու պայմանով` ընդդիմության լիարժեք մասնակցության ապահովմամբ: Սակայն երբ 2011-ի գարնանը խորհրդարանական մեծամասնությունը ընդունեց ընտրական նոր օրենսգիրք, բացարձակապես անտեսելով ընդդիմության բոլոր սկզբունքային առարկություններն ու առաջարկությունները, չկատարելով առաջադրված պահանջը, ո'չ ԵԱՀԿ-ն եւ ո'չ էլ ԵԽ-ն ծպտուն անգամ չհանեցին: Ուզեն, թե չուզեն, նրանք պատասխանատու են այն վիճակի համար, որի հետ կապված հանկարծ որոշել են մտահոգվել: Ավելին` որքան իշխանությունն է հիմա պատասխանատու ընտրությունների որակի համար, այնքան էլ այս կառույցները»:

«168 ժամ»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ: ՀԱԿ-ում առկա հակասությունների մասին հարցին Այվազյանը պատասխանում է. - «Հակասություն չկա: ՀԱԿ-ի հետ հակասություն կարող է լինել մի բանում` կարծում եմ, որ պայքարը պետք է փողոցում շարունակել: Մինչդեռ ՀԱԿ-ը մտածում է, որ պետք է նաեւ խորհրդարանում շարունակել»: Հարց. - «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ միայն փողոցում պետք է շարունակել, եւ չարժե զուգահեռ նաեւ խորհրդարանում պայքարել»: Պատասխան. - «Որովհետեւ այս ընտրություններին նորից իրական պատկերը չեն ներկայացնելու: Պատկերացնո՞ւմ եք, վերջին չորս-հինգ տարիներին ՀՀԿ-ն նորից իշխանության է, երկրի ու ժողովրդի վիճակը շատ ավելի է վատացել, ու հանկարծ նորից այդ կուսակցությունն ընտրություններում հաղթում է: ՀԱԿ-ը գիտի, չէ՞, որ դրանք կեղծված ձայներ են: Ակնհայտ է, որ Հրազդանի ընտրություններին կարող էր մասնակցել ամենաշատը 18 հազար մարդ: Թիվ են տվել, թե մոտ 25 հազար մարդ է մասնակցել: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենալու ԱԺ ընտրություններին»:

lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանը դասական օլիգարխիա է, եւ նույնիսկ օլիգարխները դա չեն հերքում: Սակայն այն, որ խոստովանում են օլիգարխիան քանդելու անհրաժեշտությունը, հույսեր է ներշնչում, որ օրերից մի օր կառավարիչները կդիմեն ժողովրդին: Հանրապետական կուսակցությունն արդեն շրջում է քաղաքներով ու գյուղերով եւ փորձում է պարզել, թե ինչն է հուզում ժողովրդին: Այդ այցերը, իհարկե, կարող են ձեւական լինել, եւ գրառված հարցերով թղթերը, ամենայն հավանականությամբ, դեն են նետվում, սակայն այն փաստը, որ իշխանությունը դիմում է ժողովրդին, դրական է: Մեկ այլ կոալիցիոն կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստանը», նույնպես սոցիալ-տնտեսական ծրագիր է նախապատրաստում, սակայն այն ուրիշ տարբերակ է ընտրել՝ հրավիրելով հայտնի գիտնական-տնտեսագետների: Վերջին երկու օրերին հասարակության ճնշման տակ որոշումների փոփոխության երկու կարեւոր ակտ է կատարվել: Առաջինը Մաշտոցի պուրակում բուտիկների շինարարության դադարեցումն է եւ հարցը հասարակական քննարկումների հարթություն տեղափոխելու քաղաքապետի փորձը: Սկզբնական շրջանում վճռական տրամադրված Տարոն Մարգարյանը, ով հրաժարվել է խոսել օրենքի լեզվով, թերեւս, ավելի փորձառու ընկերների «խորհրդով» հայտարարել է, որ հարցը քննարկման կարիք ունի: Երկրորդ շատ կարեւոր ակտը կառավարության կողմից արտակարգ դրության ժամանակ բանակի օգտագործման օրինագծի հետկանչումն է փորձագետների եւ տեղեկատվական հանրության բացասական գնահատականից հետո: Միայն այդպես հասարակական վերահսկողությունը կարող է մարմին ստանալ, եւ միայն այդպես քաղաքական գործիչները հաշվի կառնեն քաղաքացիական պահանջները»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ժամանակին բոլորը սկսեցին փնտրել այն դրդապատճառները, թե այդ ինչն է ստիպել ՀԱԿ-ին, որ պատրաստվում է հնարավորության դեպքում համագործակցել իշխանության մաս կազմող ԲՀԿ-ի հետ, մի իշխանության, որին Կոնգրեսը անվանում է «ավազակապետություն»: Սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի ընթացքը, այս քաղաքագիտական վերլուծությունը որքան ինքնաբուխ էր, նույնքան էլ թելադրված էր Հայաստանում ազդեցության ոլորտ ունեցող ու այդ ոլորտը պահպանել ձգտող աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի` Ռուսաստանի կողմից: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի համար ներկայիս պայմաններում ճոխություն կլիներ իր ազդեցության ոլորտից Հայաստանին դուրս թողնելը: Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են իրենց մեջ նման վտանգ պարունակել, մանավանդ այն պարագայում, որ Սերժ Սարգսյանն այդ ընտրություններից առաջ սկսել է խաղալ ակնհայտ արեւմտամետի դեր: Իսկ ռուսամետ ուժեր կարող են համարվել կա'մ ՀԱԿ-ը, որը վերջին շրջանում սկսել է ակնհայտորեն քննադատել Արեւմուտքին` դրանով իսկ հասկացնելով Ռուսաստանին, որ ինքը պատրաստ է հենարան լինել, կա'մ էլ ԲՀԿ-ն, որն էլ Ռոբերտ Քոչարյանի «պրոեկտն» է»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է այն տեղեկությունները, որ ՀԱՊԿ-ն արագ արձագանքման զորքերը կարող է օգտագործել անդամ երկրների ներքին բախումների ժամանակ: Սա ինչպե՞ս եք գնահատում»: Պատասխան. - «Բորդյուժան մեկնաբանել է պարզապես փաստաթուղթը: Ավելի լավ է մենք խոսենք փաստաթղթի մասին, որը ստորագրել են Հայաստանի իշխանությունները (որը չգիտես ինչու չի հրապարակվել)` դրանով կանաչ լույս վառելով Հայաստանի ներքին գործերին արտաքին միջամտության համար: Ես հույս ունեմ, որ իշխանությունները այդ աստիճան չեն կորցնի իրատես հայացքը զարգացումների նկատմամբ, որ դրսից ուժեր հրավիրեն ներքաղաքական խնդիրները լուծելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG