Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ի ցուցակում եւս հանրությանը հայտնի մարդիկ կլինեն


ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան

Ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով կուսակցության համամասնական ցուցակի ձեւավորման աշխատանքներին, հայտարարեց, որ իրենց ցուցակում եւս ներգրավված կլինեն հանրությանը հայտնի մարդիկ: Հովհաննիսյանն ասաց` ցուցակը դեռ պատրաստ չէ, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում:

Հարցին, թե արդյո՞ք Դաշնակցությունը կիրառում է հայտնի մարդկանց իր շուրջը համախմբելու մարտավարություն, ինչպես, օրինակ, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Երբ ես ասում եմ` աշխատանք է գնում, հենց այդ ուղղությամբ է գնում: Մենք գնահատում ենք նաեւ դրա անհրաժեշտությունը»:

Հիշեցնենք` անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը: ԲՀԿ-ն դրական որոշում կայացրեց Օսկանյանի դիմումի վերաբերյալ, եւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց նաեւ, որ կուսակցության համամասնական ցուցակում կարող են ներգրավվել հանրությանը հայտնի այլ փորձառու դեմքեր, այդ թվում` լրագրողներ:

«Եթե Վարդան Օսկանյանին մի կողմ թողնենք, հասարակությանը հայտնի մարդիկ կան շատ տարբեր միջավայրերում եւ բնագավառներում: Միայն ճանաչված եւ հայտնի լինելը չենք դիտարկում որպես չափանիշ մեր ցանկում հայտնվելու համար: Հայաստանում այնպիսի հայտնի մարդիկ կան, որ Աստված հեռու պահի [նրանցից]: Այսինքն արդեն պարզ է, որ հայտնի մարդիկ կլինեն, բայց ինչ ձեւով հայտնի, դա ցույց կտա ժամանակը: Մեր թիմի մեջ միշտ էլ լինում են ոչ կուսակցական մարդիկ, հիմա էլ կլինեն, ըստ ամենայնի», - այս առնչությամբ ասաց Հովհաննիսյանը:

Դաշնակցություն խմբակցության ղեկավարը դժվարացավ ասել, թե երբ վերջնական որոշում կկայացվի կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ:

«Ես դժվարանում եմ ասել, որովհետեւ ի վերջո դա Գերագույն մարմնի խնդիրն է, ԳՄ-ն է դրանով զբաղվում», - ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե Դաշնակցությունը հնարավոր համարո՞ւմ է ընտրություններից հետո մաս կազմել որեւէ կոալիցիայի, Հովհաննիսյանն ասաց. - «Չի բացառվում, բայց միայն իրական կոալիցիայի մասին խոսք կարող է գնալ: Մենք չենք բացառում նման բան, երբեք չենք բացառել, բայց արդեն եղած կոալիցիաների դասերը, փորձերը պետք է հաշվի առնենք: Նախ արհեստական կոալիցիա, երբ ձեւական համերաշխության տպավորություն ստեղծելու համար է այն ստեղծվում, եւ այնտեղ կա մի ուժ, որը քվեների, ձայների կարիք չունի, այդ տեսակի կոալիցիայում առանձնապես անելու բան չկա, որովհետեւ դու չունես քո կոալիցիոն պարտնյորին քո մոտեցումները պարտադրելու կամ գոնե ինչ-որ կոնսենսուսային, պալեատիվ լուծումներ գտնելու մեխանիզմ: Եթե դա չես կարողանում անել, կոալիցիա գնալը իմաստ չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG