Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում մեկնարկել է Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստը


Այսօր Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկեց Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի երկօրյա նիստը:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս:

Եվրանեսթը Եվրոպական Միության կողմից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի ու Մոլդովայի հետ իրականացվող «Արեւելյան գործընկերություն» ծրագրի, այսպես ասած, խորհրդարանական բաղկացուցիչն է: Հետխորհրդային վեց երկրների ու Եվրամիության խորհրդարանների անդամները Եվրանեսթի շրջանակներում կանոնավոր համաժողովներ, նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկումներ են ծավալվում եւ բանաձեւեր են ընդունվում տարբեր հարցերի վերաբերյալ:

Այսօրվա նիստում Հայաստանի ԱԺ-ի նախագահ Սամվել Նիկոյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը շարունակում է հանդիսանալ Հայաստանի գերակայություններից մեկը:

Այսօրվա նիստի ընթացքում ներկայացվեց «Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացումը» զեկույցը, որի համահեղինակներն են Իլինա Մալինովա Յոտովան եւ Հայաստանի խորհրդարանի հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Եթե մինչեւ Բաքվում կայանալիք հանձնաժողովի հաջորդ նիստը առաջարկություններ չլինեն զեկույցում տեղ գտած դրույթների վերաբերյալ, ապա զեկույցը կընդունվի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի կողմից:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների պատվիրակությանն այսօր ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրանեսթի հիմնումը, եւ համարում է, որ այն կարող է դառնալ Արեւելյան գործընկերության առաջխաղացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն օժանդակող հարթակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG