Մատչելիության հղումներ

logo-print
1988 թվականի երկրաշարժից ի վեր Վանաձորում դեռ վթարային 84 շենք կա: Դրանցից մեկի բնակիչները ի նշան բողոքի որոշել են չմասնակցել խորհրդարանական ընտրություններին:

«Ամբողջ շենքով որոշել ենք գնալ ու բոլորին ջնջել, որովհետեւ բոլորը մեզ ամեն անգամ ընտրությունների ժամանակ խոսք են տվել, որ կվերանորոգեն, բայց ընտրությունների ժամանակ ամեն ինչը մոռացել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց շենքի բնակիչներից մեկը:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանի խոսքով, երկրաշարժից տուժած շենքերի վթարայնության աստիճանի վերաբերյալ վերջին հետազոտությունն անցկացվել է 2004 թվականին: 84 վթարային շենքերի ամրացման համար մոտավոր հաշվարկներով 21 միլիարդ դրամ է անհրաժեշտ:

«Ֆինանսավորում չի եղել, բայց մենք բազմիցս դիմել ենք, որ գոնե այս մի շենքից սկսենք: Դա Ավետիսյան 55, 57, 59 շենքն է, համար մեկն է ցուցակում», - «Ազատություն» ռադիոկայանի ասաց Պապանյանը:

Բնակիչները, սակայն, վստահ են, որ շենքի ամրացման համար ֆինանսավորում եղել է:

«4-5 անգամ մենակ մեր շենքի համար ֆինանսներ եղել է, բայց ուր է գնացել այդ ֆինանսը, մենք չգիտենք», - պնդեց բնակիչներից մի կին:

Խարխուլ շենքի բնակիչներից շատերը չեն հեռանում իրենց բնակարաններից: Նրանց մի մասը պարզապես այլընտրանք չունեն, իսկ մյուսները չեն ուզում անորոշ ժամանակով լքել իրենց կացարանները:

«Դուրս գանք, որտե՞ղ ապրենք: Ո'չ ապրելու տեղ են տալիս, ո'չ էլ գրում են, թե քանի տարով, ինչ ժամկետով ենք դուրս գալիս: Ստիպված վախենալով մնում ենք», - ասաց բնակիչներից մեկը:

Տիգրան Պապանյանի հավաստմամբ, մինչդեռ, բոլոր բնակիչներին այլընտրանքային տարբերակներ առաջարկվել են. - «Բայց հրաժարվել են: Նույնիսկ ասել ենք` տուն վարձեք, քաղաքապետարանը այդ վարձը կտա: Բայց որ մենք առաջարկել ենք, իրենք գրավոր հրաժարվել են` դա փաստ է: Այդ փաստաթղթերը բոլորը կա»:

Պապանյանը նաեւ տեղեկացրեց, որ 2011 – 2013 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով հանրապետության բնակավայրերի վթարային շենքերի համար գումար հատկացված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG