Մատչելիության հղումներ

Տարատեսակ համագործակցություններն ու ՄԿՈՒ ոլորտի խնդիրները


Russua--Training in Moscow colleges, 17Oct2011

Russua--Training in Moscow colleges, 17Oct2011

Միջին մասնագիտական ուսուցման ոլորտում դեռ առկա են համապատասխան գույքով քոլեջների վերազինման, շրջանավարտների զբաղվածության եւ մի շարք այլ խնդիրներ:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում հերթական համագործակցություններից մեկն էլ այսօր ներկայացված «Հմտություններն աշխատանքում» ծրագիրն է: Ծրագիրը չորս տարի իրականացվել է Հայաստանում: Ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել հայաստանյան եւ բրիտանական երկու քոլեջների միջեւ: Ավելի քան 50 դասախոսներ վերապատրաստվել են բրիտանական գործընկեր քոլեջներում: Իսկ Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում ներդրվել է «Մեխատրոնիկա» նոր մասնագիտություն: Սա մեխանիկա եւ էլեկտրոնիկա մասնագիտությունների համադրում է: Այս բաժինն ավարտած մեխանիկ-մոնտաժողը հետագայում գործ է ունենալու մեխանիզացիայի եւ արտադրական գծերի հետ:

Կրթության եւ գիտության նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանի խոսքով` միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտների զբաղվածության հարցն այսօր այդքան էլ սուր խնդիր չէ:

Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ունե՞ն տեղեկություններ այն մասին, թե միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտների քանի տոկոսն է հետագայում աշխատանքով ապահովվում:

«ԿԳՆ-ն նման տվյալներ չունի, դա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ճշտեք: ԿԳՆ սակայն արդեն սկսել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել» ,- ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երբ «Մաքսլիբերթի»-ին տված հարցազրույցներից մեկում աշխատանքի եւ սոցիալական հարցրի նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այսօր միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտներն աշխատանքի տեղավորվելու խնդիր չունեն, արդյո՞ք գործատուները դադարել են միայն բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ պահանջել եւ արդյո՞ք նախարարությունն ունի տեղեկատվություն այս շրջանավարտների զբաղվածության մասին, նախարարը նախ խորհուրդ տվեց ճշտել դա կրթության եւ գիտության նախարարությունից, հետո «Մաքսլիբերթի»-ին հրավիրեց նախարարություն եւ չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ այսօր գործատուները միայն բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ են պահանջում:

Այն, որ գործող կրթական եւ տնտեսական համակարգերը միմյանց առհասարակ չեն համապատասխանում` փաստում է նաեւ Երեւանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջի շրջանավարտ Գոհար Գալստյանը: Գոհարը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշել է, որ մինչեւ աշխատանքի ընդունվելը շատ գործատուների է դիմել, ովքեր ընդգծել են, որ իրենց հարկավոր է խոհարար միայն բարձրագույն կրթությամբ:

Ռոբերտ Աբրահամյանն ասաց նաեւ, որ միջին մասնագիտական կրթական հաստատությունների մեծ մասն այսօր աշխատում է Խորհրդային Միությունից ժառանգած հին ու մաշված լաբորատոր սարքավորումներով ու դասասենյակներում:

XS
SM
MD
LG