Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանյան բուհերը կհավատարմագրվեն՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար


Հայաստանյան բուհերը, միջազգային չափանիշներին համապատասխանեցվելուն եւ Բոլոնիայի գործընթացի մեջ լիովին ընդգրկվելուն ընդառաջ պետք է անցնեն հավատարմագրման գործընթացը:

Բուհերը հավատարմագրվելու են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի՝ ՈԱԱԿ-ի կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից՝ եթե ՈԱԱԿ-ը տա իր համաձայնությունը:

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ասաց, որ հավատարմագրումը նախ եւ առաջ ենթադրում է բուհի ինքնավերլուծություն, որի ժամանակ վեր կահնվեն թերությունները եւ կսկսվի շտկման գործընթացը:

Ի՞նչ պետք է անի բուհը հավատարմագրվելու համար: Պետք է ունենա նկարագրած իր առաքելությունը, դրան համապատասխան մշակված ռազմավարությունը, որը պետք է արդիական լինի, պետք է նաեւ ունենա իր ռազմավարությանը եւ առաքելությանը համապատասխան դասախոսներ:

«Եթե բուհը պատրաստում է շրջանավարտ, որը պետք է աշխատի փոքր ձեռնարկությունում, ուրեմն իր դասախոսը պիտի այնպիսին լինի, որը դրան համապատասխան սովորեցնի, եթե ուզում է պատրաստել ուսանող, որը միջազգային ճանաչում կունենա, դասախոսը պետք է այդ պահանջներին համապատասխանի: Դասախոսները առանձին-առանձին չեն հավատարմագրվելու, հավատարմագրվելու է ողջ կառույցը՝ իր ընտրած դասախոսներով», - ասաց Ռուբեն Թոփչյանը:

Բուհերի հավատարմագրումը երկու փուլով է անցնելու՝ նախ ինստիտուցիոնալ, հետո՝ ըստ մասնագիտությունների: Պայմանականորեն կարելի է ասել, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումը դեռ առաջին փուլն է, որի ժամանակ ՈԱԱԿ-ը պետք է հավաստի, որ բուհի ենթակառուցվածքները, վարչական ապարատը համապատասխանում են միջազգային չափանիշներին: Այսինքն՝ այդ հաստատությունը պիտանի է կրթական գործընթացի համար: Սա ավելի շատ ուղղված է վարչական, կառուցվածքային բացթողումների շտկմանը: Դրանից հետո միայն կսկսվի մասնագիտությունների հավատարմագրումը: Այսինքն՝ եթե տվյալ բուհի որեւէ մասնագիտությունը հավատարմագրված լինի, դա կնշանակի, որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին. պարզ ասած՝ այդ մասնագիտության դիպլոմը կճանաչվի նաեւ արտասահմանում:

XS
SM
MD
LG