Մատչելիության հղումներ

Փարիզում հարգել են Մանուշյանի խմբի հիշատակը


Միսակ Մանուշյանի հուշարձանը Փարիզի Իվրի գերեզմանատանը:

Միսակ Մանուշյանի հուշարձանը Փարիզի Իվրի գերեզմանատանը:

Փարիզի հայկական առաքելական եկեղեցու «Նուրհան Ֆրենկյան» սրահում երեկ երեկոյան տեղի ունեցավ հայ-հրեական համատեղ արարողություն` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Միսակ Մանուշյանի եւ նրա խմբի 23 անդամների գնդակահարության 68-րդ տարելիցին:

Սա արդեն երկրորդ անգամն է, որ Փարիզի հայ եւ հրեա համայնքների ներկայացուցիչները միասնաբար մեծարում են Ֆրանսիայի ազատագրության համար զոհված Մանուշյանին եւ նրա խմբին: Առաջին անգամ դա տեղի ունեցավ փարիզյան սինագոգներից մեկում:

Այս տարի արդեն հայկական համայնքը հյուրընկալեց հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներին: Եկեղեցու սրահը լեփ-լեցուն էր, զգացվում էր, որ ներկաները մեծ կարեւորությամբ էին ընդունել իրադարձությունը, որին ներկա էին Ֆրանսիայի հրեական հաստատությունների ներկայացուցչական խորհրդի նախագահ Րիշար Պրասքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանը, սենատոր, Քլամարի քաղաքապետ Ֆիլիպ Կանտելբաքը, Մանուշյանի խմբից կենդանի մնացած վերջին անդամը` Պատվո լեգեոնի շքանշանակիր, 96-ամյա Արսեն Չաքրյանը, Ֆրանսիայի ու Եվրոպայի հայության հոգեւոր առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ ուրիշներ:

Արարողությունը կազմակերպել էր Հայ նախկին ռազմիկների ու դիմադրականների միությունը, որի նախագահ Անտուան Բաղդիկյանը ընդունեց հյուրերին եւ վարեց ողջ հանդիսավոր արարողությունը:

Հնչեցին հայ եւ հրեական աղոթք, հոգեւոր երգեցողություն: Բայց նախ եւ առաջ` մեկ առ մեկ արտասանվեցին Ֆրանսիայի ազատագրման համար զոհված Մանուշյանի ու նրա խմբի անդամների անունները. բոլորն էլ օտարազգիներ` հայ, հրեա, իսպանացի, իտալացի, լեհ, հունգարացի: Նրանց հիշատակը հարգեցին մեկ րոպե լռությամբ:

Արսեն Չաքրյանն իր ելույթում հիշեցրեց Միսակ Մանուշյանի իրականություն դարձած խոսքերը, թե Ֆրանսիացի ժողովուրդը չի մոռանալու իրենց զոհողությունը եւ պատվելու էր իրենց հիշատակը, եւ իր երախտագիտությունը հայտնեց այդ կապակցությամբ:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Բանակի Մեծ ռաբունապետ Հայիմ Կորսիան եւ Հայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը:

«Ես ինձ լավ եմ զգում այստեղ», - ասաց ռաբունապետ Կորսիան: - «Մանուշյանի խումբը Ֆրանսիայի պատկերն էր այնպես, ինչպես մենք ենք այսօր: Այսինքն, միասին` մեր տարբերություններով հանդերձ: Այսօր միասին լինելով` մենք վերակենդանացնում ենք նրանց պատմությունը, միասնական Ֆրանսիայի նրանց երազանքը»:

Անտուան Բաղդիկյանը նշեց հայ եւ հրեա ժողովուրդների ճակատագրերի նմանությունը եւ հիշատակեց այն հրեաներին, ովքեր վկայել են եւ ստանձնել Հայ դատի պաշտպանությունը` Անրի Մորգանթաուից մինչեւ Ֆրանց Վերֆել:

«Սա մի շատ հուզիչ արարողություն էր նվիրված Մանուշյանի խմբի քսաներեք գնդակահարվածներին, որոնք պաշտպանում էին Ֆրանսիան` չնայած օտարազգիներ լինելուն, եւ բնական է, որ այսօր հարգենք հիշատակը Մանուշյանի եւ նրա խմբի անդամների, որոնք պայքարեցին ֆրանսիայի ազատագրման եւ հանրապետական արժեքների պաշտպանության համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց սենատոր Ֆիլիպ Կանտելբաքը:

Մեծ ռաբունապետ Հայիմ Կորսիան «Ազատություն» ռադիոկայաին ասաց, որ իր համար բնական էր նման մի արարողության կազմակերպումը. - «Մանուշյանը եւ իր ընկերները ընկան միասին, եւ մենք կարող ենք ապրել միասին:»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG