Մատչելիության հղումներ

Հայկ Գեւորգյանը դիմելու է դատախազություն


«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը վերջապես ստացել է իր կալանավորման մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որի հիման վրա լրագրողը կալանավորվել էր փետրվարի 3-ին: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, հիշեցնենք, փոխվել էր, եւ փետրվարի 6-ին լրագրողը ազատ էր արձակվել:

Հայկ Գեւորգյանը սենսացիոն բացահայտումներ է արել դատավոր Արշակ Վարդանյանի որոշման մեջ:

«Պարզեց դատավորը, որ 2011 թվականի մարտի 15-ին ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի այսինչ-այնինչ հատկանիշներով հարուցվել է թիվ այսինչ քրեական գործը Աշոտ Վոլտերի Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու եւ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առիթով: 2011 թվի մարտի 15-ին: Ինձ «մեղսագրվող» վրաերթը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 13-ին… Սա չգիտեմ վրիպակ է, թե ինչ է, թող իրենք բացատրեն: Դա ինձ չի հետաքրքրում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր պատմեց Գեւորգյանը` նշելով, թե կան «ավելի լուրջ փաստարկներ», թե դատավորը ինչի հիման վրա է իրեն կալանավորելու որոշում կայացրել:

Լրագրողը շարունակեց. - «Պարզվում է, որ գործը հարուցվել է հունվարի 20-ին: Հունվարի 20-ին հարուցված գործով քննիչը դատավորին ասել է, որ մինչեւ այդ Հայկ Գեւորգյանը կանչվել է հարցաքննության ու չի եկել: Դա կատարյալ անգրագիտություն է իրավական տեսակետից, որ քրեական գործ չհարուցված լինելու պայմաններում հարցաքննություն` որպես այդպիսին, լինել չի կարող: Ինձ չէին կարող հրավիրել, կանչել, բերման ենթարկել հարցաքննության, եթե քրեական գործ հարուցված չէ: Ավելին` ես այդ գործում որպես մեղադրյալ ներգրավվել եմ հունվարի 23-ից: Եթե իմ կարգավիճակը հայտնի չէ, ինձ հարցաքննության կանչելու իրավունք չունեն: Դա Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմպերատիվ պահանջ է: Այդ կատարյալ անգրագիտությունը, որ կազմել է քննիչը, նույնչափ անգրագիտորեն հաստատվել է դատավորի կողմից»:

Հայկ Գեւորգյանը պատրաստվում է դիմել Գլխավոր դատախազություն` ե'ւ քննչին, ե'ւ դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Սա ի օգուտ ինձ է: Ինչ անում են իրենք` ի վնաս իրենց են անում, որովհետեւ հենց ի սկզբանե կեղծիքը եղել է, հենց այդ վրաերթը: Կեղծիքը իրենք փորձել են սարքել` չի ստացվել: Հաջորդ կեղծիքով պիտի փորձեին փակել նախորդ կեղծիքը: Ես ենթադրում եմ, որ պիտի դիմենք դատախազություն` քննիչի, դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ», - ասաց լրագրողը:

Հայկի փոխանցմամբ, վրաերթի դեպքով հարուցված քրեական գործով իրեն մեկ շաբաթ առաջ կանչել են հարցաքննության, բայց ինքը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ: Բացի այդ, նախաքննական մարմինը վերջապես լրագրողին է վերադարձրել աշխատանքային գործիքները` ձայնագրիչն ու ֆոտոխցիկը: Հարկ է նշել, որ ոստիկանությունը դեռ չի վերադարձվել Գեւորգյանի ավտոմեքենան` պարզաբանելով, թե այն պետք է փորձաքննության ենթարկվի:

Հայկ Գեւորգյանն այսօր էլ պնդեց, որ որեւէ վրաերթ չի եղել, այս գործն ուղղակի «սարքվել է» ոստիկանապետի հրահանգով, վերջինիս մասին իր հրապարակած նյութերի պատճառով. - «Միակ նպատակը, ինչպես նշել եմ` բոլոր լրագրողներին ցույց տալ, որ իր մասին փիս-փիս բան գրողները ինչ-որ խնդիրներ կունենան: Ընդամենը դա… Չգիտեմ ինչքանով դա ստացվեց»:

Եվ մի ուշագրավ հանգամանք. օրերս Հայկը վարչական դատարանից ստացել է մի որոշում, որ ինքը դեռեւս 2009 թվականին խախտել է երթեւեկության կանոնները եւ չի վճարել 3 հազար դրամի տուգանքը: 2010 թվականին դատարանը Հայկից այդ գումարը գանձելու որոշում է կայացրել: Եվ փաստորեն միայն երկու տարի անց` 2012-ի փետրվարին Գեւորգյանը ստացել է այդ որոշումը:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG