Մատչելիության հղումներ

Այսօր Մաշտոցի այգում շինարարական աշխատանքներ չէին իրականացվում:

Ոստիկանության Երեւանի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ կրպակների տեղադրումը դադարեցվում է մինչեւ շաբաթվա վերջը:

«Կասեցնելը իրավաբանական կատեգորիա է, այդ բառը մի օգտագործեք, ուղղակի դադարեցվել է, ժամանակ է տրվում ամեն ինչը օրինական կարգով անելու համար: Նորից կոչ եմ անում, խնդրում եմ, ժողովո'ւրդ ջան, մենք պետք է գնանք իրավական ճանապարհով», - ասաց Մովսիսյանը:

Ոստիկանությունն այսօր զգալիորեն նվազեցրել է ուժերը այգում, արգելափակոցները չեն հեռացվել, սակայն այգում հատուկենտ ոստիկաններ են նկատվում: Բնապահպան ակտիվիստները օրվա ընթացքում խմբերով փոխարինում են միմյանց. նրանք միջոցառումների ժամանակացույց ունեն` համերգներ, ցուցահանդեսներ քննարկումներ: Բնապահպանները արժանահավատ չեն համարում ոստիկանության վստահեցումները: Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը կարծիք հայտնեց, որ իրենց պայքարը ոստիկանության համար դառնում է անկանխատեսելի, եւ այս քայլով փորձում են ժամանակավորապես հանդարտեցնել լարվածությունը:

«Ակցիաները կարող են շատ մեծ հնչեղություն ձեռք բերել, դրա համար իրենք հասկացան, որ որոշ ժամանակով պետք չէ ճնշում գործադրել կամ թողնել, որ զարգանա այս շարժումը: Դրա համար որոշեցին, այսպես ասած, հանդարտեցնել, որոշ ժամանակով կասեցնել մինչեւ բանակցությունները եւ այլն: Չնայած դրան մենք ամեն օր գալու ենք այգի, արդեն մենք օրակարգ ունենք մշակած` գալ, հսկել, հերթապահել... նույն տեմպով, ինչպես այս 12 օրն է եղել, շարունակելու ենք: Այսինքն այդ թոզ փչելը տեսանք, իրենք էլ մի քանի անգամ մեզ ասեցին` գիշերով շինարարություն չի լինի, բայց դա եղավ: Այդ վստահությունը չկա», - ասաց Սուխուդյանը:

Երեկ ոստիկանության հավաստիացումներից եւ ընկերների հորդորներից հետո հացադուլը սկսելուց մի քանի ժամ անց ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը դադարեցրեց այն:

Տեղադրվող կրպակների դեմ արդեն 12-րդ օրը պայքարող ակտիվիստները հիասթափված են քաղաքապետի երեկվա հայտարարությունից: Անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն պնմանը, թե առանց սեփականության իրավունքի պաշտպանության անհնար է որեւէ զարգացում եւ սեփականության հետ կապված խնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա, ակտիվիստներից Գոռ Հակոբյանն ասաց. - «Տպավորությունը այնպիսին է, որ ամեն ինչ արվում է սեփականության իրավունքը պաշտպանելու եւ իրագործելու համար: Իսկ մենք գիտենք, որ սեփականության իրավունքը ածանցյալ է մարդու մյուս հիմնարար իրավունքներից եւ հիմնարար իրավունք չի համարվում: Ինչո՞ւ է [քաղաքապետը] ստորադասում մյուս իրավունքները սեփականության իրավունքից»:

Տարոն Մարգարյանի` խնդիրը քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում լուծելու կոչը ակտիվիստները ձեւական են որակում: Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետը այգու խնդրի շուրջ հնչող տեսակետները գնահատեց հիմնականում «հուզական բնույթի»:

«Ֆիկտիվ հայտարարություն... ես լուրջ չընդունեցի: Եթե տաղավարները ժամականավոր են, հիմա ժամանակն եկել է, հեռացրեք», - կոչ արեց Մարիամ Սուխուդյանը:

Այսօր այգի եկան Ճարտարապետաշինարարակական համալսարանի մի խումբ ուսանողներ: Նրանք բուհում ստորագրահավաք էին կազմակերպել, եւ որպես ապագա ճարտարապետներ ասում էին, որ խախտվել են քաղաքաշինական նորմերը:

Այգու երկու հատվածներում մոտ մեկ տասնյակ կրպակները գրեթե ավարտուն տեսք ունեն, տեղադրված են դրանց տանիքները, կողային ապակե պատերը, հիմնականում մնացել են ներքին հարդարման աշխատանքները: Քաղաքապետի խոսնակ Շուշան Սարդարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կրպակները կապամոնտաժվեն, երբ «Հին Երեւան» ծրագիրն ամբողջությամբ իրականացված կլինի` չհստակեցնելով ժամկետները: Ինչ վերաբերում է հարցին, թե վարձակալության իրավունքով ո՞ւմ են տրված կրպակները, Տարոն Մարգարյանի խոսնակն ասաց, որ չի տիրապետում այդ ինֆորմացիային` խորհուրդ տալով դիմել ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG