Մատչելիության հղումներ

Փետրվարի 22-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթը արձագանքում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին: Թերթը գրում է. - «Միհրան Պողոսյանն ավելի հայտնի է, այսպես ասած, «անձնական արդարադատության» մեթոդիկայի հաճախակի կիրառմամբ, երբ ինքնադատաստան է տեսնում իր հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Մասնավորապես, հենց դրանցից մեկի համար էլ աշխատանքից ազատվեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Եթե հիշում եք, Դանիելյանին հեռացրին աշխատանքից, որովհետեւ Միհրան Պողոսյանը մարդ էր ծեծել իր աշխատասենյակում, իսկ Դանիելյանը նրան չէր պատժել, թեեւ պատժելու հանձնարարություն էր ստացել վարչապետից: Այդ մասին հենց ինքը վարչապետը հրապարակավ հայտարարեց: Այսինքն` Միհրան Պողոսյանը մարդ էր ծեծել, իսկ նրան չպատժելու համար աշխատանքից հեռացվեց Գեւորգ Դանիելյանը: Միհրան Պողոսյանին, փաստորեն, ոչ միայն ոչ մի պատիժ չհասավ, այլեւ նա ներկայումս Սերժ Սարգսյանի ձեռամբ դառնում է արդարադատության գեներալ-մայոր: Ինչպես ասում են, ասա՝ ովքեր են քո արդարադատության գեներալ-մայորները, ասեմ՝ ինչ արդարադատություն դու ունես: Իսկ առկա իրավիճակում կարելի է նաեւ ասել հետեւյալը. ասա՝ ում ես շնորհում արդարադատության գեներալ-մայորի կոչում, եւ ասեմ, թե ինչ արժեք ունեն երկրում արդիականացման, բարեփոխումների կուրսի մասին քո հրապարակային հայտարարությունները»:

«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի պատասխանատու, Երկրապահ կամավորականների միության անդամ Աշոտ Զաքարյանը մեկնաբանում է ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի` նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունը: Լրագրողը հարցնում է.- «Մանվել Գրիգորյանն ասում է` ԵԿՄ-ն 35 հազար անդամ ունի, եւ իրենք սատարում են Սերժ Սարգսյանին, իրակա՞ն է այս թիվը»: Աշոտ Զաքարյանի պատասխանը. - «Անկեղծ ասած` չգիտեմ, թե թիվը որքանով է իրական, բայց նույն Մանվել Գրիգորյանը չի կարող նույն 35 հազարի անունից նման հայտարարություն անել: Այդ 35 հազարի մեջ ես եմ, իմ պես էլի մի քանի հարյուր տղաներ, ովքեր չեն կիսում էդ կարծիքը: Ես գնահատում եմ դա Մանվել Գրիգորյանի անձնական տեսակետ: Նույն ԵԿՄ-ում այսօր կան դաշնակցական երկրապահներ կամ նույն ՀԱԿ-ը ներկայացնող բազմաթիվ երկրապահներ: Էնպես որ այդ հայտարարությունը չի արտահայտում ամբողջական տեսակետ»: Հարց. - «Որպես երկրապահ, ինչպե՞ս եք գնահատում, որ փաստորեն իշխանությունը` Սերժ Սարգսյանը, փորձում է քաղաքական հենարան դարձնել ազատամարտի կառույցը»: Պատասխան. - «Ի սկզբանե ասեմ, որ դատապարտված է ԵԿՄ-ին քաղաքական հենարան դարձնելու ձգտումը: Դա չլինող բան է: Հաշվի առնելով «Երկրապահի» բազմաշերտ լինելու հանգամանքը… Իշխանությունն այնքան խղճուկ վիճակում է, որ անգամ ամենափոքր աջակցությունից չի հրաժարվում»:

«Երկիր» օրաթերթը շարունակում է արձագանքել Մաշտոցի պուրակում ծավալվող իրադարձություններին. - «Մեր հասարակության մեծամասնությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, որը բերում է նոր նիհիլիզմի, հարմարվողականության կամ արտագաղթի: Մաշտոցի պուրակում հավաքված երիտասարդներն իրականում կռիվ են տալիս ոչ թե մի քանի կրպակների ապամոնտաժման, այլ այս կարծրատիպը փշրելու համար: Նրանք նույնիսկ ծայրահեղ միջոցների դիմելով` փորձում են ցույց տալ, որ անհնարին թվացողը կարելի է ու պետք է դարձնել հնարավոր: Սա այն ծիլն է, որն անհրաժեշտ է հասարակության առողջացման համար»:

«Հայկական ժամանակ»-ը մտաբերում է. - «2008 թվականի նոյեմբերին «Արմէքսպո-2008» ամենամյա ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտահանման թեմային, հայտարարեց. «Մենք պետք է կարողանանք նոր բրենդներ ստեղծել: Ողջ աշխարհում ճանաչում են հայկական կոնյակը, ծիրանը, պետք է ճանաչեն նաեւ հայկական թթուն, հայկական բիբարը, այծի եւ ոչխարի հայկական պանիրները»: Այդ հայտարարությունից անցել է ավելի քան 3 տարի, եւ հետաքրքիր է, թե աշխարհը ենթարկվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի` «պետք է ճանաչեն» հրահանգին: Պարզվում է` ոչ: Այսպես, ՊԵԿ հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն, 2011 թվականին Հայաստանից պանրի արտահանումը նվազել է մոտ 11.5 տոկոսով: Վիճակագրությունը չի առանձնացնում, թե արտահանված պանրի որ մասն է այծի, որ մասը` ոչխարի, բայց, ընդհանուր առմամբ, պանրի արտահանումը նվազել է: Ինչ վիճակ է թթվի արտահանման ոլորտում` պարզ չէ, քանի որ այդպիսի ապրանքի արտահանման տվյալներն ընդհանրապես բացակայում են: Բայց թթվի հիմնական պարագաների արտահանումը նվազել է հաստատ: Այսպես, կաղամբի արտահանումը նվազել է մոտ երկու անգամ, գազարինը` 30 տոկոսով, վարունգինը` 6 անգամ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG