Մատչելիության հղումներ

Մաշտոցի այգում հացադուլն ավարտվեց, ոստիկանությունը խոստանում է կասեցնել շինարարությունը


Բնապահպան ակտիվիստ Մերի Խաչատրյանը քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ուշ երեկոյան Մաշտոցի այգում իրենց է մոտեցել ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը եւ հայտնել, որ իրենք ցուցում ունեն կասեցնել շինարարությունը, մինչեւ չսկսվեն ակտիվիստների հետ համապատասխան քննարկումները։

Մերի Խաչատրյանը, սակայն, նշեց, որ բնապահպան ակտիվիստները ոստիկանի բանավոր հայտարարությունը արժանահավատ չեն համարում եւ կշարունակեն պայքարը այնքան, մինչեւ շինարարության կասեցման մասին պաշտոնական հաղորդագրություն չտարածվի։

Ակտիվիստը հիշեցնում է, որ ոստիկանությունը երեկ նույնպես բանավոր խոստում էր տվել, որ եթե տարածքը ազատեն, շինարարությունը չի շարունակվի, սակայն ուշ գիշերին կրպակների տեղադրումը, փաստորեն, շարունակվեց։

Այսօր ավելի վաղ այգում հացադուլ հայտարարած ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը, տեղի տալով ընկերների հորդորներին, դադարեցրել է իր բողոքի ակցիան։ Facebook սոցիալական ցանցի իր էջում ակտիվիստը նշել է, որ որոշման առիթ է դարձել փոխգնդապետ Մովսիսյանի հայտարարությունը։

«Ինչքան էլ որ ես կասկածամիտ լինեի առանց փաստաթղթերի նման հայտարարության նկատմամբ, ինձ հետ կանգնած ու ինձ սկզբից վերջ աջակցող ընկերներիս հորդորները, որ նման ակցիաները պետք են այն ժամանակ, երբ էլ դիմելու ատյան չունենանք, ինձ համոզեցին: Ի վերջո, եթե մեզ խաբել են, ոչինչ չի խանգարի մեզ վաղը հացադուլը վերսկսել տասնապատիկ շատ մարդկանցով», - գրել է ակտիվիստը։

Բնապահպան ակտիվիստները Երեւանի կենտրոնական Մաշտոցի պողոտային հարող այգում ժամանակավոր կրպակներ տեղադրելու` քաղաքապետարանի որոշման դեմ տարբեր միջոցներով բողոքում են արդեն 11 օր: Ոստիկանությունը, մինչ այս հայտարարությունը, տարբեր միջոցառումներ է իրականացրել` բնապահպանների մուտքը շինհրապարակ կասեցնելու եւ կառուցապատողին կրպակների տեղադրման աշխատանքները իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար:


Կարլեն Ասլանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG