Մատչելիության հղումներ

«Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են», - ասված է Տարոն Մարգարյանի հայտարարության մեջ, որը տեղադրված է Երեւանի քաղաքապետարանի կայքէջում:

«Սահմանված կարգով հաստատված եւ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչեւ «Հին Երեւան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով», - վստահեցնում է քաղաքապետը: - «Չնայած հնչած բացասական եւ ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երեւանի հիմնախնդիրներով ու ապագայով»:

«Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթեւ անելու եւ հասարակական փոխըմբռնման հասնելու համար», - հայտարարում է Երեւանի քաղաքապետը` շարունակելով. - «Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է եւ փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարեւոր որոշում, որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է»:

Մինչդեռ այսօր վաղ առավոտվանից այգում ոստիկանական ուժեղ հսկողություն է, շինտարածքի ողջ երկայնքով ոստիկանները պատ են կազմել, կրկին տեղադրվել են մետաղական արգելափակոցները, շինարարությունը շարունակվում էր ողջ օրը:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Այգին մարդաշատ էր ողջ օրը, ակտիվիստները խմբերով փոխարինում էին միմյանց, կրկին բերեցին պաստառները: Ոստիկանները թույլ չտվեցին արգելափակոցների վրա փակցնել «Արգելանոց» գրությամբ թղթերը, բնապահպանները պաստառները ձեռքում էին պահում:

Օրվա ընթացքում այգի էին գալիս երեւանցիներ, ովքեր իրենց զայրույթն էին արտահայտում գիշերն իրականացված շինարարության կապակցությամբ.

Այսօր ակտիվիստներին աջակցելու էր նաեւ եկել բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, ով խիստ վրդովված էր: Նրա պնդմամբ, նման գործողություններով իշխանությունները կորցնում են «եւս մեկ կաթիլ ամենաթանկ բանից` հավատից այն մարդկանց հանդեպ, որոնք պիտի տնօրինեն այս քաղաքի, այս երկրի հարցերը»:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ով այսօր եւս այգում էր, չհամաձայնեց, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանն է պատասխանատու այս ամենի համար. - «Քաղաքապետը ստիպված է դա անել»:

Այսօրվանից այգում ութօրյա հացադուլ սկսեց ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը:

Օրվա վերջին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը. - «Ոստիկանությունն «առավել վտանգավոր է համարում հավաքի մասնակիցների այն կոչերը, որոնք ուղղված են նրանց կողմից ոստիկանության պահանջները չկատարելուն: Ոստիկանությունը գտնում է, որ դրանց միակ նպատակը իրավիճակի արհեստական սրումն է»:

Հայտարարություն նաեւ նշվում է, որ Ոստիկանությունն «իրավասու էր կիրառելու վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն, ոստիկանության կանխարգելիչ լիազորությունների շրջանակներում`ելնելով լարվածության թուլացման սկզբունքից, ձեռնպահ է մնացել այդ միջոցների կիրառումից»: Ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ փետրվարի 28-ին անցկացնելու կլոր սեղանի շուրջ քննարկումներ՝ ոստիկանության գործողությունների իրավական հիմքերին վերաբերող հիմնահարցերով:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG