Մատչելիության հղումներ

Եվրագոտու երկրները հաստատել են Հունաստանին օգնելու փաթեթը


Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:
Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:

Աթենքը կփրկվի դեֆոլտից ցավագին խնայողությունների միջոցով։

Եվրոյի գոտին վերջապես հաստատել է տեխնիկական դեֆոլտի սպառնալիքի տակ գտնվող Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու փաթեթը։

Աթենքը կստանա 130 միլիարդ եվրոյի վարկ, որի օգնությամբ գալիք ամսվա ընթացքում կմարի պետական պարտքը։

Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, ով նաեւ ղեկավարում է եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը, ասել է, որ քննարկումը բավական թեժ է անցել։

«13-14 ժամ քննարկելուց հետո մենք կարողացանք համաձայնության գալ Հունաստանի ծրագրի եւ մասնավոր հատվածի ներգրավման հարցերում, ինչը կօգնի Հունաստանին էապես կրճատել պարտքը», - ասել է Յունկերը։

Այս ծրագրով պարտքի եւս 100 միլիարդ եվրո պարզապես կներվի։

Հունաստանի կառավարությունը այս օգնությունը ստանալու համար շատ տհաճ ու ցավագին զիջումների է գնացել` պարտավորվելով ավելի քան 3,5 միլիարդ եվրոյի չափով կրճատել պետության ծախսերը։

Խիստ խնայողության ծրագիրը պետք է փետրվար ամսվա ընթացքում հաստատվի բյուջեի լրամշակումների ձեւով։ Իսկ հունիսին հույները ստիպված կլինեն ընդունել 2013-2015 թվականների ընթացքում ծախսերը եւս 10-ը միլիարդ եվրոյով կրճատելու ծրագիր։

Այսպիսով, հույները կրճատում են առողջապահության, պաշտպանության, աշխատանքի եւ ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ կենտրոնական կառավարության ծախսերը։

Շարքային քաղաքացիների շրջանում նախեւառաջ կտուժի, բնականաբար, ամենախոցելի խավը` թոշակառուները, սակայն կրճատվելու են միայն 1300 եվրոյից բարձր թոշակները։ Նվազագույն աշխատավարձը 750 եվրոյից կիջեցվի մինչեւ 585-ի։

2012-2015 թվականների ընթացքում սեփականաշնորհման միջոցով կհաջողվի պետական գանձարան փոխանցել եւս 15 միլիարդ եվրո։

Մոտ 15 հազար աշխատող կհայտնվի այսպես կոչված «աշխատանքային պահեստում»: Այդ մարդիկ մեկ տարվա ընթացքում կստանան իրենց աշխատավարձի 60 տոկոսը, ապա ընդհանրապես կազատվեն աշխատանքից։

Մինչեւ 2015 թվականը աշխատանքից կազատվի 150 հազար պետական ծառայող։

Ենթադրվում է, որ 2012-2013 թվականների ընթացքում Հունաստանի տնտեսությունը տարեկան կկրճատվի 4-5 տոկոսով, սակայն 2014-2015 թվականներին արդեն կգրանցվի 2.5-3 տոկոսի աճ։

Երեկվա քննարկումներից հետո Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարը նախազգուշացրել է, որ օգնություն տրամադրելու ծրագրի բաղկացուցիչը Հունաստանի ստանձնած պարտականությունների կատարման վերահսկողությունն է լինելու։

Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսը հավաստիացրել է, որ կառավարությունն անշեղորեն կատարելու է բոլոր պարտավորությունները, քանի որ «դրանք բխում են հույն ժողովրդի շահերից»։

Այդուհանդերձ, հազարավոր հույներ շարունակում են բողոքի ակցիաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG