Մատչելիության հղումներ

«Իշխանությունները թերացել են բոլոր մակարդակներում»


«Թուրքական իշխանությունները թերացել են բոլոր մակարդակներում` չկարողանալով կանխել Հրանտ Դինքի սպանությունը», - ասված է Թուրքիայի Վերահսկողական պետական խորհրդի` երեկ հրապարակած զեկույցում:

Զեկույցի ամփոփ տարբերակը զետեղվել է երկրի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք, դեռ անցած տարի Թուրքիայի նախագահն ասել էր, որ հրահանգել է իր վերահսկողական ծառայությանն առանձին հետաքննություն իրականցնել` գնահատելով իրավապահների գործողությունները Դինքի սպանությանը նախորդած եւ հաջորդած շրջանում: Այս թեմային Գյուլը վերադարձավ նաեւ հունվար ամսին` «Ակոս»-ի խմբագրի սպանության գործով դատավճիռների հրապարակումից անմիջապես հետո:

«Ես հրահանգել էի Պետական վերահսկողական ծառայությանը քննության առնել Դինքի գործը, եւ շուտով այս կառույցի տեսուչները կներկայացնեն իրենց նկատառումները: Ամեն դեպքում, եկեք սպասենք դատական պրոցեսի հետագա ընթացքին ու վերջնական վճռին», - հունվարի 19-ին հայտարարել էր Աբդուլա Գյուլը:

Եվ ահա Թուրքիայի ղեկավարի այս հայտարարությունից ուղիղ մեկ ամիս անց Թուրքիայի բարձրագույն վերահսկողական մարմինը քննադատական պնդումներով լի մի փաստաթուղթ է հրապարակում` մատնանշելով Դինքի սպանության հետաքննության ժամանակ տեղ գտած մի շարք լուրջ թերություններ:

«Ոստիկանությունը տեղեկություններ էր ստանում Դինքի դեմ ծրագրվող մահափորձի մասին, սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ իրավապահները, չնայած առկա տեղեկատվությանը, չէին միջամտում», - նշում են Պետական վերահսկողական խորհրդի կողմից պատրաստված զեկույցի հեղինակները` հավելելով. - «Որեւէ փորձ չի կատարվել հետաքննել պաշտոնյաների անփույթ գործողությունների հաջորդականությունը: Բացի այդ, գործում ներքաշված եւ ոչ մի պետական հաստատության դեմ որեւէ ամբողջական հետաքննություն չի իրականացվել առհասարակ: Տարբեր դրվագներ հետաքննվում էին տարբեր գերատեսչությունների կողմից: Այս գործելաոճն ի վերջո հանգեցրեց նրան, որ տեղի ունեցած իրադարձությունները չդիտարկվեցին որպես մեկ ամբողջություն»:

Անդրադառնալով խնդրին` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելքիը NTV հեռուստալիքին տված հարցազրույցում նշում էր. - «Հայտնի է, որ Հրանտ Դինքի սպանության ծրագրման փուլում իսկ ոստիկանությունը մի շարք սխալներ էր թույլ տվել: Այն, որ Պետական վերահսկողական խորհուրդը բացահայտեց այդ սխալները, շատ նշանակալի քայլ է օրենքի գերակայության ապահովման ճանապարհին: Բացի այդ, կարող եմ ասել, որ Դինքի գործը, ըստ ամենայնի, բողոքարկվելու է, այնպես որ այս բացահայտումները, որ կան զեկույցում, կներկայացվեն նաեւ դատական ատյաններին»:

Իսկ Պետական վերահսկողական խորհրդի տեսուչները երկրի դատախազությանը խորհուրդ են տալիս վերսկսել Դինքի սպանության գործի քննությունը` որպես մեղադրյալներ ներգրավելով նաեւ այն բոլոր իրավապահներին, ոքվեր չեն կարողացել կանխել ստամբուլահայ լրագրողի սպանությունը:
XS
SM
MD
LG