Մատչելիության հղումներ

Նոր ներդրումներ միջին մասնագիտական ոլորտում


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այսուհետ թիվ 4 արհեստագործական ուսումնարանում կգործի փայտի, քարի եւ մետաղի մշակման նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիա:

Ուսումնարանի տնօրեն Կամո Համբարձումյանի խոսքով, լաբորատորիայի բացման արդյունքում այս տարվա սեպտեմբերից 80 ուսանող 4 նոր բաժիններում սովորելու հնարավորություն կունենա:

Գործիքների ճիշտ օգտագործում, ուսման որակի բարձրացում եւ աշխատաշուկայի համար նոր ու լավ կադրերի պատրաստում. տնօրենի խոսքով` սա ծրագրի կարեւոր նպատակներից է:

«Այսօր մենք գիտենք լավ վարպետի գինը: Ճապոնացիներն ասում են` մարդուն ձուկ մի տվեք, տվեք կարթ եւ սովորեցրեք ձուկ բռնել: Հենց այդ կարթը` նախասիրությունը, սա է, որ մենք կարողանանք երեխաներին սովորեցնել, պատրաստել լավ վարպետներ եւ դրանով հպարտանալ: Կար ժամանակ, երբ մեր կրթական հաստատությունները պատշաճ ուշադրության չէին արժանանում: Դա մնաց անցյալում, այսօր թե' մասնավոր ընկերությունները, թե' պետական կառույցները մտահոգված են, որպեսզի մենք այստեղ պատրաստենք լավ վարպետներ, որոնք կարող են աշխատաշուկայում իրենց տեղն ունենալ», - նշում է Համբարձումյանը:

Վարպետ Վաչեն երկար տարիներ ուսումնարանում դասավանդում է ավտովերանորոգում եւ փականագործություն առարկաները: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ նոր սարքավորումներն այնքան են հեշտացնում ուսումնական գործընթացը, որ հենց դրանով էլ կարող են գրավել երիտասարդների հետաքրքրությունը. - «Ամենակարեւորը` փողոցից երեխան կկտրվի ու կգա մասնագիտություն կսովորի»:

60 000 եվրո արժողությամբ սարքավորումները տրամադրել է փայտամշակման, քարամշակման աշխատանքների մեջ հմտացած եւ լավագույն սարքավորումներ արտադրող գերմանական հայտնի ընկերություններից մեկը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշում է, որ սա համագործակցության առաջին պտուղներն են, իսկ գործընթացը լինելու է շարունակական. - «Գաղտնիք չէ, որ Հայաստանում թեպետ շինարարական ոլորտը միշտ լավ ավանդույթներ է ունեցել, բայց այսօր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման կարիք կա, եւ այսօր կա երիտասարդներին այդ տեխնոլոգիաներով նոր հմտություններ փոխանցելու կարիք: Այս լաբորատորիան առաջինն է Հայաստանում, եւ հուսով ենք, վերջինը չի լինի: Այն պահանջված է լինելու, որովհետեւ շուկային միտված մասնագիտություններ են ներառում, որովհետեւ գերժամանակակից տեխնիկա է այստեղ օգտագործվում, եւ անմիջապես երիտասարդը կարող է այս ուսումնարանում սովորել համապատասխան մասնագիտություն եւ իր ուրույն տեղը գտնել աշխատաշուկայում»:

Նախարարի խոսքով, լավագույն վարպետների օգնությամբ այստեղ նաեւ կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ, իսկ աշխատող, գործող մասնագետների համար` կարճաժամկետ վերապատրաստումներ: Աշոտյանը հույս ունի, որ պահանջարկն այնքան մեծ է լինելու, որ խնդիր են ունենալու երկրորդ կենտրոնը բացելու:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե ինչպիսին է վիճակը մյուս ուսումնարաններում, արդյոք դրանք էլ տեխնիկական վերազինման խնդիր ունեն, Աշոտյանը պատասխանեց. - «Տեխնիկական վերազինման խնդիր կա շատ ու շատ քոլեջներում, ուսումնարաններում, բայց ուզում եմ շեշտել, որ վերջին 3 տարիների ընթացքում 100-ից ավելի լաբորատորիաներ են տեղակայվել տարբեր ուսումնարաններում եւ քոլեջներում: Այս գործընթացը չի կենտրոնացվել միայն Երեւանում, մենք յուրաքանչյուր մարզում ունենք մեկական գերժամանակակից, գերհագեցած վերանորոգված տարածաշրջանային քոլեջ: Լաբորատոր սարքերի եւ համակարգչային լսարանների թարմացումը գնացել է մեծ ինտենսիվությամբ եւ գնալու է նաեւ ապագայում»:

Իսկ «Մաքսլիբերթի»-ի հարցին, թե ինչպես են լուծվում ֆինանսական խնդիրները եւ արդյոք պետբյուջեի հատկացումները բավարար են խնդիրները լուծելու համար նախարարը պատասխանեց. - «Ֆինանսական խնդիրները լուծվում են պետբյուջեի միջոցով, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ եւ մասնավոր սեկտորի հետ համագործակցության շնորհիվ»:

XS
SM
MD
LG