Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյանը հերքում է Մարգար Օհանյանի պնդումները


Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, արխիվ

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, արխիվ

Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ալիկ Սարգսյանի խոսքով` ինքը երբեւէ Մարգար Օհանյանին չի հետապնդել:

«Իմ կարծիքով ինքը անարդարացի է, եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց ես ըմբռնումով եմ մոտենում», - ասաց Ալիկ Սարգսյանը:

Այսինքն դուք չե՞ք հետապնդել Մարգար Օհանյանին, հաշվի առնելով, որ նա հակադրվել է Ձեր կադրային նշանակումներին եւ այլ անհամաձայնություններ է ունեցել Ձեզ հետ:

Ա.Ս. - «Չէ, որեւիցե էդպիսի խնդիր ես չեմ կարողանում հիշեմ ու մտաբերեմ, որ որեւիցե հետապնդում ես նրա նկատմամբ իրականացրել եմ»:

Դուք ասել ե՞ք, որ նա գա, ընկնի ձեր ոտքերը, որպեսզի ներեք իրեն:

Ա.Ս. - «Ես էդպիսի բան երբեք չեմ ասել եւ չեմ էլ ակնարկել: Նրա ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում: Ես նրա հետ որեւիցե անգամ խնդիր չեմ ունեցել: Ամբողջ համակարգը այդ մասին գիտի»:

Իսկ աշխատանքից ազատե՞լ եք Մարգար Օհանյանի հարազատներին եւ բարեկամներին, ովքեր շփվել են նրա հետ:

Ա.Ս. - «Չէ, եթե մարդիկ ազատվում են աշխատանքից, ապա ծառայական պարտականությունների հետ կապված են ազատվում: Միգուցե քրեական գործի առնչությամբ որոշ մարդկանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է կամ ազատվել են զբաղեցրած պաշտոնից, գործի շահերից ելնելով վերցրել ենք կադրերի տակ, բայց նման հետապնդում նրա նկատմամբ չի իրականացվել, երբեւէ»:

Այդ դեպքում ինչո՞ւ է Մարգար Օհանյանը հայտարարում, որ հետապնդել եք իրեն:

Ա.Ս. - «Ես չգիտեմ, դա իրեն կհարցնեք»:

Իսկ ճի՞շտ է, որ դուք նրա հեռախոսազանգերին չեք պատասխանել:

Ա.Ս. - «Նման բան երբեք չի եղել, նա ընդամենը մի անգամ է ինձ զանգահարել գործով որեւիցե բան զեկուցելու` խոսել է իմ աշխատակիցների հետ: Ընդամենը մեկ անգամ, ուրիշ հեռախոսազանգ ես չեմ հիշում եւ երբեւէ չի եղել: Որեւէ դեպք չի եղել, որ մեկի զանգին չպատասխանեմ, այն էլ իմ աշխատակիցների, իմ գործընկերների, որոնց հետ ամեն օր կապի մեջ եմ եղել»:

Օհանյանը նշում էր, որ այդ ստուգումները Ճանապարհային ոստիկանությունում սկսել եք այն բանից հետո, երբ անցած տարվա ապրիլից սկսած լարվել են ձեր փոխհարաբերությունները:

Ա.Ս. - «Դա իր անձնական կարծիքն է, ես համամիտ չեմ: Սա սովորական ստուգումներ են, բոլոր ծառայություններում էլ դա եղել է... ոչ միայն Ճանապարհային ոստիկանությունում: Եվ դա որեւիցե կապ չուներ հայտնաբերված չարաշահումների հետ»:

Դուք նորից պնդո՞ւմ եք, թե կցանկանայիք Մարգար Օհանյանին տեսնել ազատության մեջ, որպեսզի փոխվեր նրա խափանման միջոցը:

Ա.Ս. - «Ես այս ամեն ինչից հետո ոչ մի բան այլեւս չեմ ուզում: Օրենքը կորոշի, ինքն էլ թող օրենքի առաջ պատասխան տա: Ես որեւիցե բան չունեմ ասելու, արդեն նույնիսկ մարդկային, էմոցիոնալ որեւիցե բան եւս չեմ ուզում ասել»:

XS
SM
MD
LG