Մատչելիության հղումներ

Գիշերվա ընթացքում կրպակներն ապակեպատվել են


Գիշերվա ընթացքում կրպակներն ապակեպատվել են
please wait

No media source currently available

0:00 0:00:47 0:00

Մաշտոցի այգում գիշերը շինարարական աշխատանքները շարունակվում էին: Կատարվում էին ծածկի կառուցման եւ ապակե պատերի տեղադրման աշխատանքներ:

Թեեւ բնապահպան ակտիվիստները, շրջանցելով ոստիկանների կազմած պատը եւ մետաղե արգելապատնեշը, երեկ մի քանի ժամով կասեցրել էին Երեւանի Մաշտոցի պողոտային հարող պուրակում կրպակների կառուցումը, գիշերը շինարարությունը վերսկսվեց, իսկ առավոտյան արդեն կրպակների ծածկը եւ ապակե կողապատերը ամբողջությամբ տեղադրված էին:

Երիտասարդ ակտիվիստները երեկ մինչեւ ուշ երեկո քննարկում էին իրենց այսօրվա անելիքը: Նրանք պնդում էին, որ վճռական են տրամադրված եւ շարունակելու են բողոքի գործողությունները այնքան ժամանակ, մինչեւ քաղաքային իշխանությունը հրաժարվի կրպակների կառուցման ծրագրից:

«Այդ տաղավարները` դրանք ոչ սովորական, ոչ շարքային քաղաքացիների տաղավարներ են, բավականին մեծ գումարների հետ կապված խնդիր է, եւ բարձրաստիճան պաշտոնյաներ կամ օլիգարխներ են ներգրավված այդ գործընթացում, այնպես որ այդքան հեշտ չի լինի որոշում կայացնելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրպակների խնդիրը մեկնաբանեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը: - «Բայց, այդուհանդերձ, քաղաքապետը պետք է ապացուցի, որ ինքը Երեւանի քաղաքի բնակիչների քաղաքապետն է, եւ ոչ թե մի խումբ օլիգարխների, եւ պետք է որոշում կայացնի հանրային շահի օգտին»:

Այվազյանը կարծում է, որ սա «զուտ քաղաքապետի որոշելիք խնդիրը չէ»:

«Ըստ էության` քաղաքապետը կատարում է ավելի ուժեղ մարդկանց, իշխանավորների պատվերը: Այդ առումով որոշելիքը, կարծում եմ, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետության նախագահինը: Իսկ նախագահը ե՞րբ դրան կհանգի` ես չեմ կարող ասել», - հավելեց նա:

Սոնա Այվազյանն ասաց` այս շարժումը զուտ մի փոքրիկ այգու խնդիր չէ. - «Սա առհասարակ քաղաքացիական գիտակցության, քաղաքացիական պատասխանատվության, հանրային շահի, մարդկանց իրավունքների խնդիր է: Այս շարժումը կշարունակվի մինչեւ հաղթական ավարտ: Հասարակությունը, կարծում եմ, որ կանի ամեն ինչ, որպեսզի իր իրավունքները պաշտպանվեն եւ իր շահը պաշտպանվի»:

Բնապահպան ակտիվիստները Երեւանի կենտրոնական Մաշտոցի պողոտային հարող այգում ժամանակավոր կրպակներ տեղադրելու` քաղաքապետարանի որոշման դեմ տարբեր միջոցներով բողոքում են արդեն 11 օր: Ոստիկանությունը, մինչդեռ, միջոցառումներ է իրականացնում` բնապահպանների մուտքը շինհրապարակ կասեցնելու եւ կառուցապատողին կրպակների տեղադրման աշխատանքները իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար:

please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG