Մատչելիության հղումներ

logo-print

Գյուղացիները պատմում են ընտրակաշառքի մասին


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքների մասին խոսակցություններն ավելի են շատանում: Արարատի մարզի Խոր Վիրապ, Լուսառատ եւ Նոր Կյանք գյուղերի բնակիչներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում են ընտրակաշառքների, դրանք վերցնել-չվերցնելու մասին:

Լուսառատցիները դժգոհում էին, որ գյուղացուն փող չեն տալիս, [իշխանությունները] մտածում են, որ գյուղացին ճար չունի:

«Ոսկե սարեր էին խոստանում: Խոստացան` լավ կլինի, ջուր կունենանք, ամեն ինչ լավ կլինի, որ ավելի լավ է Հանրապետականին ընտրեն, որպեսզի մեր գործն էլ առաջ գնա, բայց ոչ մի փոփոխություն չեղավ, հիմա ես ոչ մի ընտրության էլ չեմ գնալու», - ասաց մի կին:

Ոչ ոք այդպես էլ չասաց, որ ինքը երբեւէ ընտրակաշառք է վերցրել:

«Էդ մի անգամն ի՞նչ է փոխում, ասենք, մի անգամ 5000 տվեցին, 10 հազար կամ 50 հազար տվեցին, դա 12 ամիս հերիքո՞ւմ է», - հարցնում էր մի կին:

«Դե ով վերցրել է, ինքն էլ կիմանա, որ չեմ վերցնում, չեմ հետաքրքրվում` ի՞նչ իմանամ», - ասում էր մեկ ուրիշը:

«Լրիվ էլ վերցնում են, բայց ով կասի՞ տվել են կամ չեն տվել», «Ունեցողին էլ 5000 տաս, կվեկալի, փող է, էլի», - խոստավանում էին տղամարդիկ:

Խոր Վիրապցի Գագիկ Ավագյանը Հանրապետական կուսակցության եւ Երկրապահ կամավորականների միության անդամատոմսեր ունի: Ավագյանը, թեեւ գոհ չէ իր կյանքից ու միայնակ է հաղթահարում խնդիրները, ասում է, որ կրկին Հանրապետականին կընտրի, որովհետեւ չի կարող դավաճանել:

«Լրիվն էլ մեկ են, ոչ մի տարբերություն չկա», - կարծում է նա:

Գագիկի կինը` Նազիկը, հիշում է, որ անցած խորհրդարանական ընտրությունների շրջանում մի քանի կուսակցություն ակտիվորեն նվերներ է բաժանել:

«Սաղ էլ առաջարկել են, թքեմ իրենց 5000-ի, 10 000 հազարի վրան էլ, փող էլ տան, գյուղացու, այսինքն քաղաքացու ձայնն էլ չի հասնում: Բոլորդ էլ գիտեք` ընտրված, պրծած են, ինձ 5000 պետք չէ: «Բարգավաճ»-ից ֆեներ, հարթուկներ էլ են բաժանել անցած ընտրություններին: Ինձ չեն առաջարկել, ես հարթուկ ունեմ», - հիշում էր Նազիկը:

Լուսառատ ու Նոր Կյանք գյուղերում էլ իրենց պատգամավորից գոհ չեն: Անկուսակցական Մանվել Ղազարյանին Լուսառատում վերջին անգամ տեսել են նախորդ ընտրությունների ժամանակ` հինգ տարի առաջ:

«Էդ դեպուտատը` «Վեդի ալկո»-ի տնօրեն Մանվել Ղազարյանը, մինչեւ էսօր չի եկել, մարդ կա իրեն չի էլ ճանաչում», «Շատ բաներ խոստացավ, ասաց` խաղող կմթերենք նորմալ, բայց ինքը սկի իրա խաղողը չի կարողանում մթերի», - պատմում էին գյուղացիները:

Գյուղացիները շեշտում են, որ իրենց քաղաքականությունից ավելի հետաքրքրում են գյուղական խնդիրները, որոնք տարիներով լուծում չեն ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG