Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա «Վրացական երազանքի» շնորհանդեսը


Թբիլիսի - Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է նոր կուսակցության ստեղծման մասին, Վրաստան, 15-ը փետրվարի, 2012թ.

Թբիլիսի - Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է նոր կուսակցության ստեղծման մասին, Վրաստան, 15-ը փետրվարի, 2012թ.

Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները համագործակցության հռչակագիր են կնքելու։

Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնող խումբը փետրվարի 15-ին Թբիլիսիում հանդիպել էր լրագրողների հետ։ Այդ օրը հաղորդվել է, որ առաջիկայում դաշինքի անդամները համագործակցության հուշագիր են կնքելու։

Եվ ահա այսօր մայրաքաղաքի «Ռեդիսոն Բլյու Իվերիա» հյուրանոցի սրահում տեղի կունենա «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» քաղաքական դաշինքի շնորհանդեսը։ Այդ մասին երեկ հայտնել է Իվանիշվիլիի մամլո քարտուղար Մայա Պաջիկիձեն։ Նրա խոսքերով, Բիձինա Իվանիշվիլին հանրությանը կներկայացնի իր քաղաքական գործընկերներին, ապա կստորագրվի համատեղ հռչակագիր։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իվանիշվիլիի քաղաքական դաշինքին անդամակցելու ցանկություն են հայտնել Հանրապետական կուսակցությունը, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Մեր Վրաստանը – Ազատ դեմոկրատներ» միությունը, «Ազգային ֆորումը», նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի ստեղծած «Սալոմե Զուրաբիշվիլի – Վրաստանի ճանապարհ» շարժումը, Գուգուլի Մակրաձեի ղեկավարած Կանանց կուսակցությունը հանուն արդարության եւ հավասարության, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցությունը եւ Ժողովրդի կուսակցությունը։

Դեռ փետրվարի 15-ին Իվանիշվիլին ասել է, որ դաշինքում լուրջ եւ հուսալի գործընկերներ են։

«Ես որոշել եմ ստեղծել քաղաքական կուսակցություն եւ մասնակցել այս տարվա խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին ասել էի 2011-ի հոկտեմբերին։ Արդեն 4 ամիս է անցել, այդ ժամանակահատվածում բավական աշխատանք է կատարվել, միավորման գործընթացը փաստորեն ավարտվել է, մենք շատ լավ թիմ ենք ստեղծում»,- ասել է Իվանիշվիլին։

Նրա խոսքերով, մարտ ամսվա ընթացքում կավարտվի կուսակցության շրջանային կառույցների ձեւավորումը, ինչից հետո մարտի վերջին կամ ապրիլի սկզբին պաշտոնապես կհաղորդվի նոր կուսակցության ստեղծման մասին։

«Տարածքային կառույցների ձեւավորումը փոքր-ինչ ձգձգվել է, որովհետեւ գրասենյակների սեփականատերերի վրա ճնշում էր բանեցվում։ Դա է Սահակաշվիլիի դեմոկրատիան, նա արգելում էր սեփականատերերին մեզ վարձով տարածքներ տալ։ Սա ավելի շատ ճորտատիրության է նման, մինչդեռ, Սահակաշվիլին բնակչությանն ու Եվրոպային փորձում է համոզել, թե դեմոկրատիա է կառուցում, նա այդ հարցում 200 տարով ետ է ընկել»,- ասել է Իվանիշվիլին։

Մեծահարուստի հիմնադրած շարժմանն անդամակցել են ոչ միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, անվանի քաղաքական գործիչներ, այլեւ հանրության շրջանում հեղինակություն վայելող արվեստագետներ, մտավորականներ եւ մարզիկներ` այդ թվում ֆուտբոլիստ Կախա Կալաձեն եւ ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լերի Խաբելովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG