Մատչելիության հղումներ

Օհանյանը իր ձերբակալությունը Ալիկ Սարգսյանի հետ կապեց


ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյան
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյան
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ով մեղադրվում է բենզինի յուրացման մեջ, այսօր դատարանում ցուցմունք տալիս բավական ուշագրավ հայտարարություն արեց` նշելով, որ իր դեմ ուղղակի հաշվեհարդար է իրականացվել, իսկ այդ հաշվեհարդարը սկսվել է այն բանից հետո, երբ խնդիրներ են ծագել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:

Մարգար Օհանյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ այդ խնդիրները ի հայտ են եկել այն բանից հետո, երբ ինքը հակադրվել է Ալիկ Սարգսյանի կադրային նշանակումներին եւ աշխատանքային հարցերի հետ կապված որոշակի անհամաձայնություններ է ունեցել: Դրանից հետո, ըստ նրա, արդեն սրվել են նրանց անձնական հարաբերությունները, որից հետո Ճանապարհային ոստիկանությունում սկսվել են լայնամասշտաբ ստուգումներ, այն էլ բիրտ միջոցներով:

«Եղել են եւ կադրային նշանակումների հետ անհամաձայնություններ եւ աշխատանքի որոշակի անհամաձայնություններ, որոնք բենզինի յուրացման հետ կապ չունեն: Շատ նշանակումների հակադրվել եմ: Աշխատանքային տարաձայնությունները վերածվեցին անձնական [լարված] հարաբերությունների, որի արդյունքում ստուգվեց ՃՈ ճանապարհային հսկողության բաժինը, ՃՈ իրավաբանական բաժինը, եւ համարանիշներ եւ վարորդական իրավունքի վկայական ստացած քաղաքացիներին հրավիրեցին 6-րդ գլխավոր վարչություն, սկսեցին հարցաքննել մարդկանց, որոնց մեջ կային ինձ շատ-շատ հարազատներ: [Հարցնում էին], թե ի՞նչ ես արել, որ Օհանյանը Մարգարը էս համարը քեզ է տվել, ես էլ արձակուրդի մեջ, տանն եմ, ընկերներս զանգահարում են, ասում են ութ հոգով եկել են, կոմպյուտերները հավաքել, տարել են: Ես ինչո՞ւ եմ էսքան մանրամասն ասում, հարգելի' դատախազ, որ իմանաք` միտումը որտեղից է գալիս. Ոչ թե դատախազի հաստատելուց, ոչ թե Հատուկ քննչականից, սկսվել է ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների հանձնարարությունից», - ասաց Օհանյանը:

ՃՈ նախկին նշեց, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ իր անհամաձայնությունը տեւել է երեք ամսից ավելի` անցած տարվա ապրիլից սկսած, այս ընթացքում իր դեմ իրականացվել է սեւ PR, արհամարհական վերաբերմունք, նախկին ոստիկանապետը անգամ իր հեռախոսազանգերին չի պատասխանել: Ավելին, Մարգար Օհանյանի փոխանցմամբ, Ալիկ Սարգսյանը հրահանգել է իր ենթականերին իր հետ չշփվել, մինչեւ որ Օհանյանը «չգնա, չընկնի Ալիկ Սարգսյանի ոտքերը», հակառակ դեպքում նրանք կպատժվեն ողջ խստությամբ, անգամ աշխատանքից ազատվել են ոստիկանության այն աշխատակիցներ, ովքեր այցելել են Մարգար Օհանյանի տուն, այդ թվում` իր քեռորդին:

«Որ պետք է գնայի ոստիկանապետի ոտքերը ընկնեի, որ ինքը ինձ ներեր չգիտեմ ինչ համար: Ես էլ եղել եմ ու կամ իմ հոր տղեն, ես անձի ոտքեր չեմ ընկնում: Ես սիստեմին ղուրբան լինեմ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կառույց ինձ համար սրբորեն ընդունելի է, բայց անձը շատ փոքր է…Դեռ հարց է, թե ով է ավելի շատ էս պետության ու պետականության համար գործ արել, որ անձնական հարաբերությունները հասցրեցին այս օրվան», - ասաց նա:

Նախկին ոստիկանապետ, այժմ Հայաստանի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը, հիշեցնենք, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը Մարգար Օհանյանի հետ ամենալավ հարաբերություններն է ունեցել, հին ընկերներ են եղել: Սարգսյանն ասել էր, թե ինքը մինչեւ վերջին պահը ենթադրում էր, թե Օհանյանը կապ չունի բենզինի յուրացման հետ:

Օհանյանն այսօր երեք ժամից ավելի տեւած ցուցմունքում բազմիցս նշում էր, որ ինքը բենզին չի յուրացրել, որ ինքն այն մարդը չէ, ով տեսուչի ձեռքից բենզինի կտրոն կվերցնի: Վկաների ցուցմունքներին անդրադառնալով` նա ասաց, թե դրանք «սուտ եւ սարքովի են»: Ըստ նրա` ճնշումների տակ սուտ եւ կեղծ ցուցմունքներ են տվել նաեւ մեղադրյալները: Մեղադրյալներից Արա Լեւոնյանի ցուցմունքին (նա ասել էր, թե Մարգար Օհանյանին վերջինիս ցուցումով բենզինի կտրոններ է տվել) անդրադառնալով` Օհանյանն այն «լկտի, սուտ մատնություն» որակեց` այն համեմատելով Խորհրդային Միության ժամանակ մարդկանց ներկայացվող մեղադրանքների հետ:

«Արայիկ Լեւոնյանը իր պաշտոնով եւ անձով իրենից ի՞նչ էր ներկայացնում, որ ես պետք է իրեն աչոտ տայի, թե ինչ եմ անում», - ասաց նա:

Օհանյանը նաեւ բազմիցս նշեց, որ իրեղեն ապացույց կոչված բենզինի կտրոնները, որոնք իբրեւ իրեն տվել է տնտեսական բաժանմունքի պետը, որեւէ տեղ չեն հայտնաբերվել: «Ո՞ւր են, ի՞նչ եմ արել ես այդ կտրոնները», - հարցնում էր Օհանյանը` շեշտելով, որ յուրաքանչյուր կտրոն համարակալված է եւ բենզալցակայանները, դրանք վերցնելիս, նշում են լիցքավորված մեքենայի համարանիշն ու մակնիշը:

Հաշվի առնելով այս ամենը` Մարգար Օհանյանը դատավորից խնդրեց արդարացի որոշում կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության:

please wait

No media source currently available

0:00 0:05:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG