Մատչելիության հղումներ

«Ո՛չ մի պատահական մարդ գրականության մեջ» արտահայտությունը պատճառը դարձավ, որ ստեղծվի «Դիպվածք» գրական նախաձեռնությունը, որը, հիմնադիրների պնդմամբ, հարթակ է պատահական մարդկանց ստեղծագործությունների համար:

«Կա այդպիսի ընդունված կարծիք, որ գրող միայն ընտրյալները կարող են լինել, եւ ամեն մարդու տրված չէ գրել, իսկ մենք քանի որ համոզված ենք, որ դա այդպես չէ, որ ամեն մարդ կարող է գրել, այդ պատճառով ստեղծեցինք այս կայքը, որ բոլոր գրել ցանկացողները կարողանան գրել այստեղ», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց կայքի հիմնադիրներից Հովհաննես Իշխանյանը:

Յուրաքանչյուրը կարող է գրանցվել կայքում եւ հրապարակել իր գրածը: Հիմնադիրները պնդում են, որ խմբագրական շտկումների այն չի ենթարկվում, եւ միակ պայմանը հայերենը հայատառ գրելն էր:

Վիրտուալ տարածքը երիտասարդ եւ սկսնակ գրողների համար դարձել է շատ հարմար միջոց իրենց ստեղծագործությունները հրապարակելու եւ տարածելու համար, քանի որ գրական հանդեսները քիչ են, թերթերում գրական ստեղծագործությունները հազվադեպ են տպագրում, իսկ գրախանութներն առհասարակ մի քանիսն են:

«Համացանցը ոչ թե միակ, այլ շատ հարմար միջոց է սեփական ստեղծագործությունները տարածելու համար», - ասում է երիտասարդ գրող Տաիշա Աբելարը:

Իսկ ըստ կայքի համահիմնադիր Վահե Բուդումյանի` համացանցը նաեւ գրող-ընթերցողի կապը ավելի անմիջական է դարձնում:

«Համացանցն այն գործիքն է, որն ամենից արագն է կապում գրողին ու ընթերցողին: Օրինակ է ստեղծագործությունների վերաբերյալ մեկնաբանություններ թողնելը», - նշեց նա:
XS
SM
MD
LG