Մատչելիության հղումներ

Աշխատաշուկա - կրթություն կապի ամրապնդման, արդիական կրթության, երիտասարդներին աշխատանքով եւ բարձր աշխատավարձով ապահովելու նպատակով Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը կհամագործակցեն:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` համագործակցության արդյունքում Երեւանի քոլեջներից մեկում կմեկնարկի պիլոտային ծրագիր. - «Ծրագրի շրջանակներում կիրականացվի երիտասարդների մասնագիտական կողմնորոշում, կադրերի պատրաստման նորագույն ծրագրերի եւ մեթոդների ներդրում, կրթության շարունակականությանն ուղղված ծրագրեր», - հայտարարեց նախարարը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը համոզված է, որ միայն պետության ջանքերով հնարավոր չէ կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնել: Նրա խոսքով` յուրաքանչյուր գործարար պետք է մտածի իր ապագա կադրերի մասին, ներդրումներ կատարի քոլեջներում եւ բուհերում, հանդես գա որպես պատվիրատու:

Աշխատաշուկան, ըստ նրա, մի կողմից հագեցած է, մյուս կողմից էլ շատ հաճախ դժվար է գտնել լավ մասնագետների, ովքեր տեսականի հետ կունենան նաեւ գործնական գիտելիքներ:

«Մենք այս դեպքում կարեւորում ենք ուսանողական պրակտիկաները, որոնց ընթացքում լավագույն ուսանողները արդեն իրենց աշխատանք են գտնում: Մենք այսօր ավելի շատ սպասարկման ոլորտի մասնագետների, շինարարների, բանվորների կարիք ունենք, քան տնտեսագետների, կամ իրավաբանների», - ասաց Ղազարյանը:

Այսօր Հայաստանում գործում են 96 քոլեջներ եւ ուսումնարաններ, եւ դրանց շրջանավարտների մեծ մասը շատ հաճախ աշխատանք չի կարողանում գտնել: «Մաքսլիբերթի»-ի այն հարցին, թե ի՞նչ պետք է արվի մյուս 95 հաստատություններում վիճակը բարելավելու համար, նախարարը պատասխանեց. - «Արդյունաբերողների մասնակցությամբ վերամշակում ենք կրթական չափորոշիչները, ներգրավում ենք գործատուներին քոլեջների կառավարման համակարգում, պետական ավարտական քննություններին այնտեղից մասնագետներ ենք հրավիրում»:

XS
SM
MD
LG