Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ի գնահատմամբ, ԵԿՄ-ի հայտարարությունը քաղաքական ազդեցություն չի ունենա


Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանը (կենտրոնում) մասնակցում է ԵԿՄ-ի 9-րդ համագումարին, 18-ը փետրվարի, 2012թ.

Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանը (կենտրոնում) մասնակցում է ԵԿՄ-ի 9-րդ համագումարին, 18-ը փետրվարի, 2012թ.

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը աջակցությունը իշխանություններին համարում է երկրի քաղաքական կյանքում կշիռ չունեցող մի գործողություն:

«Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շաբաթ կայացած ԵԿՄ համագումարի ժամանակ հայտարարեց, որ Միությունն առաջիկա ընտրություններին սատարելու է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: ԵԿՄ վարչության նախագահը նաեւ հայտարարեց. - «Գարնանը անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք մեր ակտիվ մասնակցությունը պիտի ունենանք առաջիկա կայանալիք բոլոր ընտրություններին»:

«Եթե արդեն քաղաքականության մեջ որեւէ դերակատարություն չունեցող ուժերից էլ փորձում են կորզել հայտարարություններ, դա ցույց է տալիս, որ շատ անհանգստացած են իշխանությունները: Իրենք իսկապես զրոյական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական կյանքում, ինչը ապացուցել են արդեն մեկ տասնյակ տարի շարունակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Զուրաբյանը: - «Այսօր բոլոր քիչ թե շատ իսկապես պատերազմած մարդիկ, լուրջ հրամանատարները, բոլորն էլ շարժման հետ են», - հավելեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

«Երկրապահ կամավորականների միությունը» հասարակական կազմակերպություն է, եւ այն, ըստ Հայաստանի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, ապաքաղաքական կառույց պետք է լինի:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք բացասական վերաբերմունք ունեն այն հանգամանքին, որ հասարակական կազմակերպությունները խառնվում են քաղաքականությանը` հատկապես այն պարագայում, երբ այն բարեգործական, հայրենակցական է կամ ասոցացվում է ուժային կառույցների հետ:

«Եթե Երկրապահը սատարում է գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին, դա այլ հարց է: Բայց, եթե նա պաշտպանում է ՀՀԿ-ի ղեկավարին, որը, ըստ լուրերի, գլխավորելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կամ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, դա արդեն անընդունելի է», - հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

Համագումարից հետո Մանվել Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել էր, թե իրենք սատարելու են Սերժ Սարգսյանին` անկախ նրա կուսակցական պատկանելությունից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հասարակական կազմակերպությունն իրավունք ունի՞ խառնվել քաղաքականության մեջ, ասաց. - «Դա բացառապես «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության գործը եւ իրավունքն է: Ես չեմ պատրաստվում ոչ մեկնաբանել, ոչ էլ գնահատել այդ հայտարարությունները»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG