Մատչելիության հղումներ

«Նախագահը մեր մարտական ընկերն է»


Համագումարի ավարտին հրավիրված ասուլիսում ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններին միությունը սատարելու է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք առաջիկա ընտրություններում ԵԿՄ-ն սատարելու է Հանրապետական կուսակցությանը, Մանվել Գրիգորյանը ասաց. - «Իշխող հանրապետականին... նման բան չհնչեց, բայց որ նախագահը մեր մարտական ընկերն է, մենք իրեն սատար ենք լինելու… Մոռանո՞ւմ եք, որ նա մեր պաշտպանության նախարարն է եղել ծանր մարտերի ժամանակ, 93-94 թվականներին… Իր հրամաններն ենք կատարել: Ինքը մեզ չի լքել ռազմաճակատում, մենք էլ իրեն չենք դավաճանել, կատարել ենք անխտիր բոլոր հրամանները: Կարող է հանրապետական չլիներ… ինչ կուսակցություն ուզում էր լիներ, ինձ դա չի հետաքրքրում: Բայց որ մենք իրեն ենք սատարելու, ես գտնում եմ, որ դրանում կասկածանք չունենք»:

Իսկ ավելի վաղ` համագումարում ունեցած ելույթի ժամանակ, Մանվել Գրիգորյանը հայտարարել էր. - «Գարնանը անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք մեր ակտիվ մասնակցությունը պիտի ունենանք առաջիկա կայանալիք բոլոր ընտրություններին: Սիրելի զինակից ընկերներ, եկեք ողջունեն դահլիճում ներկա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին»:

Իսկ ԵԿՄ 9-րդ համագումարի ընդունած հայտարարությունում կարդում ենք. - «ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում Երկրապահ կամավորականների միությունը պաշտպանում է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները»:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԿՄ 9-րդ համագումարում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԿՄ 9-րդ համագումարում:

«Հայ երկրապահի բռունցքը փշրեց թշնամու շարասյուների ողնաշարն ու ծնկած հակառակորդին խաղաղություն պարտադրեց: Երկրապահ կամավորականի ոգին ու պատերազմի դաշտում կռած հմտությունը դարձան հայոց բանակ», - համագումարում ունեցած իր ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: - «Չլինելով քաղաքական կազմակերպություն` «Երկրապահը» մեզանում ունեցել է եւ ունի հասարակական եւ նույնիսկ քաղաքական կշիռ ու դեր... Երկրապահ կամավորականների միության հասարակական ու քաղաքական վարքը մեզանում զգալի դրական ազդեցություն է ունեցել եւ այսօր էլ ունի: Նաեւ նրա քաղաքացիական կեցվածքով է պայմանավորվել մեր երկրի մթնոլորտը: Ի դեմս «Երկրապահի»` այսօր մենք գործ ունենք պետության ու ժողովրդի ճակատագրով մտահոգ կազմակերպության հետ, որ զերծ է պատեհապաշտությունից եւ բոլոր առանցքային հարցերում ունեցել է եւ ունի հստակ սկզբունքային դիրքորոշում»:

«Բանակը եւ «Երկրապահը» այսօր մի բռունցք են` պատրաստ անհրաժեշտության դեպքում միասին պայքարելու հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ», - իր ելույթում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: - «Չմոռանանք, որ երկրապահ ազատամարտիկները մեր ամենակարեւոր զորահավաքային ռեսուրսն են եւ կազմում են պրոֆեսիոնալ բանակը համալրողների ամենաորակյալ մասը»:

Հավելենք, որ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում վերընտրվեց Մանվել Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG