Մատչելիության հղումներ

«Ես հայաստանամետ գործիչ եմ»


«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցը Վարդան Օսկանյանի հետ
please wait

No media source currently available

0:00 0:15:00 0:00

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցը Վարդան Օսկանյանի հետ

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն (ԲՀԿ) անդամակցությունը իր համար քաղաքականություն վերադառնալու ամենաարդյունավետ ճանապարհն է:

Որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն հայտարարեց առանձին ցուցակով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին. - «Որովհետեւ եթե հանրապետականի հետ ընդհանուր ցուցակով պետք է գնար, իմ այնտեղ հայտնվելը որեւէ իմաստ չէր ունենա», - ընդգծեց Վարդան Օսկանյանը:

Նա վկայակոչեց Գագիկ Ծառուկյանի կուսակցությանն անդամակցելու 3 պատճառ. - «Առաջինը, որ իրենց աշխատաոճը բավական համահունչ է իմ բնույթին: Որովհետեւ այս տարիների ընթացքում ո’չ ժողովրդի հակակրանքն է առաջացրել, ո’չ էլ մյուս քաղաքական ուժերի: Նորմալ հարաբերություններ է ունեցել բոլորի հետ: Եթե նկատել եք` նույնը ես եմ արել»:

ԲՀԿ-ին անդամակցելու երկրորդ պատճառն այն է, որ Վարդան Օսկանյանի համոզմամբ,ԲՀԿ-ն իսկապես ուզում է դառնալ «Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ անձանց համախմբող պլատֆորմ»:

Եվ երրորդ պատճառը` Վարդան Օսկանյանի համար ընդունելի են ԲՀԿ ծրագրի եւ կանոնադրության դրույթներն ու ընդհանուր մոտեցումները:


Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունների մասին

Հարցին, թե արդյոք այդ հարցում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ դերակատարություն չի ունեցել, Օսկանյանը արձագանքեց. - «Նախ, այդ պնդումները հատուկ քաղաքական նպատակ են հետապնդում: Երկրորդ` այն մարդիկ, որ դա շրջանառության մեջ են դնում, փաստորեն պատվեր են կատարում: Ես իմ անկախ որոշումն եմ կայացրել… Քոչարյանը այստեղ որեւէ դերակատարություն չունի: Քոչարյանին երեւի թե մեր ժողովուրդը լավ է ճանաչում: Ինքը, ես կարծում եմ, որեւէ մեկի թիկունքում չի թաքնվի… Քոչարյանը եթե որոշի քաղաքականություն վերադառնալ, ես կարծում եմ, ինքը որեւէ մեկի կարիքը չունի»:

Նախկին արտգործնախարարն ասաց, որ «շատ նորմալ» հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ. - «Պարբերաբար հանդիպել եմ այս 4 տարիների ընթացքում, զրուցել ենք երկրի խնդիրների մասին, վերլուծել ենք իրավիճակը: Եվ ես շարունակելու եմ հանդիպել… Բայց միասին ինչ-որ ծրագրեր չենք մշակել»:

Հարցին, թե խորհրդարան անցնելու դեպքում արդյո՞ք զբաղվելու է պատգամավորական գործունեությամբ, թե՞ ինչ-որ պաշտոնի անցնելու երաշխիքներ է ստացել ԲՀԿ-ից, Վարդան Օսկանյանը պատասխանեց. - «Բացարձակ ոչ մի երաշխիք չկա: Այդպիսի խնդիր չեմ դրել, որովհետեւ խնդիրը դա չէ… Իմ հիմնական խնդիրն այն է, որ իմ «Բարգավաճ» մտնելով կարծում եմ, որ կարող եմ նպաստել այդ կուսակցության հաջողությանը, հասնել դրան ազատ, արդար ընտրությունների միջոցով, փորձենք խորհրդարանում իրավիճակ փոխել: Դրանից հետո, կախված նրանից, թե ժողովուրդը ինչպիսի վստահություն է հայտնելու կոնկրետ «Բարգավաճ Հայաստան»-ին, արդեն կորոշվի, թե յուրաքանչյուրը ինչպիսի դերակատարում կունենա հետագա զարգացումների մեջ»:

Հարցին, թե իր անդամակցությունը արդյոք խնդիրներ չի առաջացնի ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ` նկատի առնելով, որ ինքը պարբերաբար քննադատում է ՀՀԿ-ի առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, Օսկանյանը պատասխանեց. - «Խնդիր չպետք է առաջանա: Քննադատությունը, ես կարծում եմ, առողջ երեւույթ է… Ցանկացած ժողովրդավարական պետությունում սա բնական երեւույթ է: Նույնիսկ կոալիցիայի մեջ միավորված կուսակցությունները միասին աշխատում են, բայց երբ գալիս է ընտրության պահը, յուրաքանչյուրն արդեն իր ծրագրով է ներկայանում եւ փորձում է հաջորդ խորհրդարանում իրավիճակ փոխել: Այս անգամ ես համոզված եմ` եթե նորմալ, արդար ընտրություններ լինել, խորհրդարանում անպայման իրավիճակ կփոխվի»:

Ի պատասխան հարցին, թե ինքը իրո՞ք համոզված է, որ ԲՀԿ-ն կարող է ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, ի՞նչ երաշխիք կա, որ խորհրդարանական ընտրություններում չի կրկնվի Հրազդանի քաղաքապետի վերջերս կայացած ընտրությունների նախադեպը, երբ ընդդիմությունը անմիջապես ահազանգեց զանգվածային ընտրակեղծիքների մասին, բայց ԲՀԿ-ն որեւէ մեկնաբանությամբ այդպես էլ հանդես չեկավ, Վարդան Օսկայնանը հույս հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններն այլ կլինեն, քանի որ առանձին ցուցակներով հանդես գալը նշանակում է մրցակցություն եւ փոխադարձ հսկողություն:


Ապագա խորհրդարանական ընտրությունների մասին

«Նախկինում եթե պայմանավորվածություններ են եղել, հիմա այդ պայմանավորվածությունը չկա եւ կա իսկական մրցակցություն, ամեն մեկը իր շահերից է առաջնորդվելու եւ չի զիջելու իր դիրքերը: Համենայն դեպս ես լավատես եմ, կամ ուզում եմ լավատես լինել, որ այս անգամ ընտրակեղծիքները նվազ կլինեն»:

Իսկ հարցին, թե արդյոք շարունակում է իրեն համարել արեւմտամետ քաղաքական գործիչ` հաշվի առնելով Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ ԲՀԿ-ի մտերմությունը, նախկին արտգործնախարարաը պատասխանեց. - «Ես հայամետ, հայաստանամետ քաղաքական գործիչ եմ ինձ համարում: Հայաստանը փոքր երկիր է, մենք պետք է փորձենք բոլոր մեզ ընձեռված հնարավորությունները օգտագործել եւ կարողանանք բոլորի հետ աշխատել բոլոր ուղղություններով: Ե’վ Ռուսաստանի հետ պետք է շատ մոտիկից աշխատել, ե’ւ Եվրոպայի հետ, ե’ւ Միացյալ Նահանգների հետ»:

please wait

No media source currently available

0:00 0:07:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG