Մատչելիության հղումներ

Մաշտոցի այգում շինարարությունը շարունակվում է


Ոստիկանները Մաշտոցի այգում արգելափակոցներ են տեղադրել
please wait

No media source currently available

0:00 0:07:06 0:00

Ոստիկանները Մաշտոցի այգում արգելափակոցներ են տեղադրել

Չնայած տեղացող առատ ձյանը` այսօր վաղ առավոտյան Մաշտոցի այգում շինարարությունը վերսկսվեց:

Երեկ ուշ երեկոյան ոստիկանները մետաղական արգելափակոցներ տեղադրեցին շինտարածքի ողջ երկայնքով, այսօր արգելափակոցներից ներս կրկին կենդանի պատ էին կազմել ոստիկանները` բնապահպաններին չթողնելով մոտենալ տարածքին:

Ոստիկանության Երեւանի վարչության հասարական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իրենց գործողությունները օրենքի շրջանակում են, հսկում են, որպեսզի ակտիվիստները ինքնագլուխ չփորձեն խանգարել, ինչպես ոստիկանը ձեւակերպեց` հիմնականում բարեկարգման աշխատանքները. - «Որոշում կա, որ սա օրինական է… Ես քաղաքապետի որոշումը պիտի քննարկե՞մ այստեղ»:

Բնապահպանները սակայն, հակադարձում են, թե քաղաքապետարանը խախտել է մի շարք իրավական գործընթացներ, մասնավորապես` առանց հանրային լսումներ անցկացնելու շինարարության թույլտվություն է տվել:

Ակտիվիստներից Վահրամ Սողոմոնյանը հիշեցնում է, որ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել թե’ ոստիկանության եւ թե’ քաղաքապետարանի գործողությունների վերաբերյալ:

«Երեւանի ոստիկանությունը բավական չէ, որ ապօրինի գործողություն է այստեղ իրականացնում, բացի այդ ներքաշել է նաեւ Երեւանի ոստիկանությանը ապօրինի գործունեության մեջ, քանի որ մոտ 20 օրենքներ խախտված են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սողոմոնյանը:

Սողոմոնյանի կարծիքով, Երեւանի ավագանու անդամներին «դույզն իսկ չի հետաքրքրում», թե ինչ է կատարվում Մաշտոցի այգում:

Հիշեցնենք, Երեւանի ավագանու անդամ Արա Երնջակյանը երեկ այգում բնապահպանների գործողությունները անօրինական որակեց, ինչը հարուցեց ակտիվիստների դժգոհությունը: Կամերային թատրոնի ղեկավարը այգուց հեռացավ սուլոցների եւ «ամոթ» վանկարկումների ներքո:

Այսօր Մաշտոցի այգի էր եկել Երնջակյանի երկարամյա գործընկերը` դերասան Սերգեյ Դանիելյանը: Նրա կարծիքով, երեկվա միջադեպի արդյունքում «այս շարժումը, ցավոք, կորցրեց եւս մեկ մարդ, մտավորական, որը վերջին մարդը չէ այս քաղաքում»:

Ինչ վերաբերում է այգում տեղադրվող կրպակների մասին իր դիրքորոշմանը, Դանիելյանը ասաց. - «Օրենքը կարելի է ամեն վայրկյան ամեն կերպ փոխել: Ուրիշ բան, որ մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում: Դա է վատը: Քաղաքապետը անկախ միավոր չէ մեզ մոտ: Քաղաքապետը, ցավոք, ինչքան էլ անձնապես ադեկվատ, նորմալ մարդ լինի, նա դրածո մարիոնետ է ընդամենը: Այս երկրում մի քանի հոգի կա, որ հարց են լուծում»:

Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց դիտարկմանը, թե ակցիան անարդյունք է, քանի որ արդեն երկրորդ օրն է շինարարությունը արագ տեմպերով առաջ է ընթանում. - «Համակիրները թիվը այստեղ շատանում է: Վերջիվերջո իշխանություններն էլ կհասկանան, որ իրենց արածը սխալ է»:

Ակտիվիստները ողջ օրը պարբերաբար մոտենում էին արգելափակոցներին, կանչում ներսում աշխատող բանվորներին, կոչ անում դադարեցնել աշխատանքը:

Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ եթե Տարոն Մարգարյանը չայցելի այգի, ապա իրենք երկուշաբթի օրը բողոքի ցույց կանցկացնեն քաղաքապետարանի առջեւ:

please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG