Մատչելիության հղումներ

Թեղուտի ծրագիրն իրականացվում է «բարձր բնապահպանական պատասխանատվությամբ»


 Բնապահպանների բողոքի ցույցը Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ: Ալավերդի, 5-ը հունվարի, 2012թ.

Բնապահպանների բողոքի ցույցը Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ: Ալավերդի, 5-ը հունվարի, 2012թ.

«Վալլեքս գրուպ» ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կարծիք հայտնեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ պայքարողների մեծ մասը գրագետ չեն, եւ նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր «Հայաստանի դեմ ծրագրեր ունեն»:

«Եթե մի երկու տասնյակ հոգի հավաքել են 10 անգամ ավելի մարդ, որոնք չգիտեն ուր են եկել ու ինչու», - ասաց Մեջլումյանը: - «Դրանց մեջ կան նաեւ ուղղակիորեն Հայաստանի դեմ կոնկրետ ծրագիր ունեցող մարդիկ եւս»:

Ընկերության նախագահն ու փոխնախագահները երկար թվարկեցին, թե ինչ խոշոր ներդրումներ է իրականացրել ընկերությունը Հայաստանում եւ Արցախում, քանի աշխատատեղ է բացվել իրենց հանքարդյունահանման ծրագրերի շնորհիվ, որքան ներդրում է կատարվել Թեղուտում, եւ ինչպես է այդ ամենն անդրադարձել տնտեսության վրա:

«Սա է Թեղուտի իրականությունը», - ասաց «Վալլեքս»-ի փոխնախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք բնապահպանների բողոքների եւ հասարակական դժգոհության ալիքը, Օրհուսի կոնվենցիայի խախտումները չեն կազմում Թեղուտի իրականության մաս` «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը պատասխանեց, որ իրենց բաց ու կառուցողական աշխատանքի շնորհիվ է, որ կա նման բնապահպանական եւ հասարակական ակտիվություն Թեղուտի հարցի շուրջ:

«Ես համոզված հայտարարում եմ, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը հանդիսանում է նորանկախ Հայաստանում բնապահպանական ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացվող ծրագիրը», - հայտարարեց նա:

Վալերի Մեջլումյանի կարծիքով` հայ բնապահպանները համապատասխան կրթություն չունեն եւ չգիտեն ինչի համար են պայքարում:

Հիշեցնեմ` ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով շուրջ 283 միլիոն դոլար վարկ էր նախատեսում հատկացնել ընկերությանը, սակայն պահանջել էր տրամադրել միջազգային փորձաքննության արդյունքներ առ այն, որ ծրագիրը բնապահպանական առումով համապատասխանում է առաջադեմ երկրներում գործող չափանիշներին: Միջազգային Environmental Resources Management ընկերության փորձաքննության արդյունքում, ըստ «Վալլեքս գրուպ»-ի, հաստատվել է, որ ծրագիրն իր էական բնութագրերով համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ «Վալլեքսի» փոխանցմամբ` ՎՏԲ-ն տրամադրելու է վարկը:

Գագիկ Արզումանյանը սա դիտարկում է եւս մեկ ապացույց, որ իրենք օրենքին եւ միջազգային նորմերին համապատասխան են աշխատում. – «ՎՏԲ բանկը բավականին խիստ է վերաբերվում հենց բնապահպանական հարցերին, եւ այն հանգամանքը, որ մենք այս պահին ունենք ՎՏԲ բանկի ֆինանսավորում, եւս հաստատում է, որ ծրագիրը իրականացվում է ամենաառաջադեմ չափանիշներին համապատասխան»:

Չնայած Թեղուտում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրինության հավաստիացումներին` ըստ Օրհուսի համապատասխանության կոմիտեի, կոնվենցիայի պահանջները խախտվել են, հանրության իրավունքները Թեղուտի մասին որոշումների ընդունման ընթացքում հաշվի չեն առնվել: Բնապահպանները պնդում են, որ կոնվենցիայի 3 պայմաններ են խախտվել:

Մինչդեռ ըստ «Վալլեքս»-ի փոխնախագահի` իրենք խախտումներ թույլ չեն տվել. - «Այն երկու դրվագը, որ արձանագրված է ընդունված որոշման մեջ, մեր կարծիքով, շատ-շատ հեռու են խախտում կոչվելուց»:

Օրհուսի կոնվենցիան սահմանում է բոլոր երկրների համար հասարակության շահերի պաշտպանության մեխանիզմներ, պարտադրում է հանրությանը ամենավաղ շրջանում իրազեկել կայացվելիք բնապահպանական որոշումների մասին, ապահովել հանրության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին եւ ապահովել, որ հանրության ցանկացած անդամ, ով կարծում է, թե այդ որոշումների կայացման փուլում իր իրավունքները խախտվել են, կարողանա դիմել դատարան: Հիշեցնեմ` բնապահպանների հայցադիմումի ընդունումը 2 դատական ատյաններ մերժել էին եւ միայն վճռաբեկ դատարան ու միաժամանակ Օրհուսի համապատասխանության կոմիտեին դիմելուց հետո գործն ընդունվեց քննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG