Մատչելիության հղումներ

ՍԴՀԿ ատենապետի պաշտոնը կրկին վիճարկվում է



Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետի պաշտոնի համար վեճը թարմացել է:

Կուսակցության ատենապետ ճանաչված Լյուդմիլա Սարգսյանից Գեւորգ Պերկուպերկյանը պահանջում է վերադարձնել կուսակցության փաստաթղթերը, դրոշը, կնիքն ու արխիվը` պնդելով, թե ինքն է ընտրված նոր ատենապետը:

Պերկուպերկյանը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից տրված եւ իր խոսքերը փաստող տեղեկանք ունի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գեւորգ Պերկուպերկյանն ասաց, որ հունվարի 28-ին անցկացրել են կուսակցության 8-րդ համագումարը, որտեղ ինքը ընտրվել է նոր ատենապետ. - «Եթե համագումար ես անում, տեղի են ունենում կազմի փոփոխություններ, դու պարտավոր ես պետական ռեգիստրին ի գիտություն հայտնել եւ թուղթ ներկայացնել: Բանից պարզվեց, որ նորից ինքը [Լյուդմիլա Սարգսյանը] իբր թե համագումար է արել, բայց նորից չի ներկայացրել վերագրանցման: Կարգն է այդպիսին»:

Լյուդմիլա Սարգսյանը, մինչդեռ, պնդում է, որ կուսակցությունները յուրաքանչյուր համագումարից հետո վերագրանցվելու կարիք չունեն:

«Փաստը մեկն է` Հայաստանում կա գրանցված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն: Դա մենք ենք, եւ դա ոչ մեկը չի կարող վիճարկել», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Սարգսյանը` շարունակելով. - «Եվ ապշելու բան է, թե ընդհանրապես ինչի վրա են հույսները դրել ե'ւ Արդարադատության նախարարությունը, ե'ւ պետռեգիստրը, երբ մտածել են, որ կարող են նման խարդավանքի գնալ եւ մարսել դա»:

Սարգսյանը նամակ է հղել Արդարադատության նախարարին` «տեղի ունեցած կեղծիքը հայտնաբերելու, մեղավորներին պատժելու» պահանջով:

Նա հայտարարեց, որ դատարան չեն դիմելու` ասելով, որ դա նախարարության խնդիրն է` թող հայտնաբերեն եւ պատժեն կեղծարարներին:

Արդարադատության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Լյուդմիլա Սարգսյանի դիմումը ստացել են, պետք է ուսումնասիրեն:

Ասուլիսում ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիզարյանը հայտարարեց, որ մամուլում հայտնված ցանկացած հայտարարություն նաեւ հանցագործության մասին հաղորդում է. - «Եթե շահագրգռված են, կարող են հետամուտ լինել»:

«Մեզ համար հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր Արդարադատության նախարարությունը տեղեկանք տալ Գեւորգ Պերկուպեկյանին», - տարակուսեց Եղիազարյանը: Լյուդմիլա Սարգսյանը շարունակեց. - «Շատ լավ իմանալով, թե ով է Գեւորգ Պերկուպեկյանը, ովքեր են Հայաստանում իրականում հանդես գալիս Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն անվան տակ… Մենք այն կառույցը չենք, որի մասին տարին մեկ են լսում. մենք ամեն օր մամուլում ենք, թերթերում ենք… Եվ շատ տեսանելի կուսակցություն ենք, որպեսզի Արդարադատության նախարարությունը կամ պետռեգիստրը տեղյակ չլիներ, որ կա գործող կառույցը, որը օրինական է գործում դաշտում»:

Ուստի Հայ ազգային կոնգրեսի կազմում գտնվող ՍԴՀԿ-ն տեղի ունեցածը ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից ուղղորդված քաղաքական հետապնդում է որակում:

Գուրգեն Եղիազարյանը ասաց. - «Հիմա այդ պահն է եկել: Ընտրություններ են… եկեք թյուրիմացություն առաջ տանենք, վաղը ցուցակները գրանցելու ժամանակ կասենք` զեղծարարություն են արել»:

Գեւորգ Պերկուպերկյանը, սակայն, պնդում է, որ իշխանությունները չեն հովանավորում իրենց. - «Եթե մենք իշխանությունների հովանավորությունն ունենայինք, հիմա կնիքներ կունենայինք ուղղակի»:

Լյուդմիլա Սարգսյանի փոխանցմամբ, ՍԴՀԿ-ն 4 հազարից ավելի անդամ ունի, եւ նրանցից ոչ ոք չի մասնակցել հունվարի 28-ով թվագրված համագումարին: Իսկ Գեւորգ Պերկուպերկյանը, նրա պնդմամբ, արդեն երեք տարի է հեռացված է կուսակցությունից:

«Նույն հաջողությամբ ես կարող եմ գնալ, երեք արձանագրություն ներկայացնել առ այն, որ տեղի ունեցավ ՀՀԿ հերթական համագումարը, որտեղ Գուրգեն Եղիազարյանին Սերժ Սարգսյանի փոխարեն ընտրեցին նախագահ», - հավելեց Գուրգեն Եղիազարյանը:

Պերկուպերկյանի պարզաբանմամբ, մինչդեռ, իրենք համապատասխան հայտարարությունը տեղադրել են «Հայոց Աշխարհ» թերթում եւ համագումարին մասնակցել են 85 պատվիրակներ:

«Տարիների ընթացքում Լյուդմիլա Սարգսյանը որոշ կառույցներ օտարել էր կուսակցությունից… Այդ բոլորի հետ աշխատանք տարանք եւ բոլորին վերադարձրեցինք կուսակցություն», - պատմեց նա:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով` կռիվը ՍԴՀԿ-ում սկսվել է Հայ ազգային կոնգրեսին անդամագրվելուց հետո: Դա դուր չի եկել Միացյալ Նահանգներում բնակվող Համահնչակյան կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Վերջինս, Սարգսյանի պնդմամբ, Հայաստանում սեփականություն ունի` հյուրանոց Հանքավանում, ինչպես նաեւ մտերիմ է նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի հետ:

Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, հենց Աճեմյանն է կանգնած ՍԴՀԿ-ի ատենապետի պաշտոնի համար վերջին տարիներին ծավալվող ինտրիգների հետեւում, ցանկանում է, որ կուսակցություն դուրս գա Հայ ազգային կոնգրեսից. - «Նա նպատակներ ուներ Հայաստանում, սեփական բիզնեսն էր ուզում ծաղկեցնել»:

Պերկուպերկյանի պնդմամբ, սակայն, Լյուդմիլա Սարգսյանին դեմ են կուսակցության անդամները` «կուսակցության գիծը չպահելու համար»:

«Կուսակցական սկզբունքը չպահելու համար: Արվել են քայլեր, նոր հետո մտածվել է` քննարկման դնի՞, թե՞ չէ», - պարզաբանեց նա:

Մինչ Լյուդմիլա Սարգսյանը արդարություն է պահանջում, Գեւորգ Պերկուպերկյանը սպասում է կուսակցության կնիքին, փաստաթղթերին: Նա հույս ունի դրանք ստանալուց հետո միավորել տարբեր անուններով գրանցված հնչակյաններին, եւ եթե հաջողվի` մասնակցել առաջիկա ընտրություններին:

please wait

No media source currently available

0:00 0:05:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG