Մատչելիության հղումներ

Պակասորդի պատճառով ինքնասպանություն գործած ենթասպայի գործով ձերբակալված չկա


Վարդան Ասլիկյանի լուսանկարը

Վարդան Ասլիկյանի լուսանկարը

29-ամյա ենթասպա Վահան Ասլիկյանը մեկ ամիս առաջ` հունվարի 18-ին, ինքնասպանություն գործեց: Հունվարի 16-ին Սովետաշենի զորամասում հերթապահելուց հետո նա 17-ի երեկոյան վերադարձել է տուն, իսկ արդեն հունվարի 18-ի առավոտյան հրաժարվել է գնալ աշխատանքի: Նա 3-ամյա որդուն մանկապարտեզ է տարել, որից հետո կնոջ` Քրիստինեի փոխանցմամբ, խանութից էսենցիա է գնել, խմել, ապա հիվանդանոցում մահացել:

Կնոջ փոխանցմամբ, էսենցիան խմելուց հետո Վահանն ասել է, թե կամբատն է (վաշտի հրամանատար) մեղավոր:

«Ես դրսում գործ էի անում, մեկ էլ մտա ներս, տեսա պառկած է, արդեն խմել էր էսենցիան: Բաժակն էր դրված, շիշը չկար, հոտը ահավոր գալիս էր: Ես հարցրեցի, թե ինչի՞ համար արեցիր էդ բանը, ինքը անընդհատ ասում էր, որ կամբատս է մեղավոր», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Քրիստինեն:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Քրիստինեն ամուսնու գրպանից նաեւ մի բացատրագիր է գտել: Նա ցույց տվեց գրության պատճենը, որտեղ Վահանը գրել է, թե որ զորամասում է ծառայում, նշում է իր տան հասցեն ու կնոջ հեռախոսահամարը, ապա մանրամասնում` «խնդրում եմ ինձ չմեղադրել, որովհետեւ, երբ ես իմ վաշտը ընդունում էի, ինձ իմ վաշտի հրամանատարն ասաց, որ ընդունի վաշտը այդպես պակաս, բայց դու գրի լրիվ: Վաշտի հրամանատար Բուդաղյան, փոխգնդապետ Մուրադյան: Այս բացատրագիրը գրված է իմ ձեռքով, որի համար ստորագրում եմ: Նրանք իմացան, որ ես` Վահան Շուրայի Ասլիկյանս, ուզում եմ տեղափոխվել մեկ ուրիշ զորամաս: Ինձ ասացին` ոնց ուզում ես, կհանձնես վաշտը: Վերջ»: Այս բացատրությունը թվագրված է հունվարի 17-ի ամսաթվով:

«Շտապ օգնությունը էստեղ ոչ մի օգնություն ցույց չտվեց, նույնիսկ զանգելու ժամանակ, որ հարցրեցի, թե ինչով օգնեմ նախքան ձեր գալը, անընդհատ ասում էին` մի խառնվի, մի հիստերիկացի, հիմա գալիս եք: Ինքն էլ շատ վատ էր, շորերը որ հանեցի, գրությունը ընկավ: Այդ պահին նույնիսկ ուշադրություն չդարձրեցի գրությանը: Մենք իրեն տեղափոխեցինք հիվանդանոց: Որ տեղափոխեցինք հիվանդանոց, արդեն իրենց զորամասից տղաները եկել էին էնտեղ: Ասացին, որ վիճակը լավ է, կփրկվի: Բոլորին թողնում էին վերակենդանացման բաժանմունք, բայց ես հենց ուզում էի դռնից ներս մտնել, ասում էին` դու մի գնա, չի կարելի: Միայն ինձնից ինչ-որ բաներ էին ուզում` պամպերս եւ այլն: Ես նույնիսկ քիչ էի առել, ասում էին, բա՞ գիշերն ինչ պիտի հագնի: Ես զարմանում եմ, եթե մարդը մահանում էր, ինչո՞ւ էին ինձնից էդքան բան պահանջում», - ասում էր մահացած ենթասպայի կինը:

Քրիստինեն պատմեց, որ Վահանի մոտից հայտնաբերված այդ գրությունը կարդացել է հիվանդանոցում, ապա այն ընթերցել է ամուսնու զորամասից եւս մեկը, որից հետո Քրիստինեին համոզել են թուղթը տալ իրենց` ասելով, թե միեւնույն է Վահանը փրկվելու է:

«[Հիվանդանոցի] լիֆտի մոտ կանգնած էին մեր հարեւանները եւ զորամասի տղաները, թուղթը կարդացի: Ու այդտեղ նույն տղայի անունը, որ գրված էր, ինքը իմ ձեռքից վերցրեց այդ թուղթը, կարդաց: Անունը Հրաչ էր, եւ իր ազգանունն էլ գրության մեջ կար: Էդ տղան դուրս եկավ, եկավ սեւ կուրտկայով մի տղա` ներկայացավ, որ Ռազմական ոստիկանությունից է, ու ինձ ասաց, որ Վահանի վիճակը լավ է, իրոք պակասորդը կա, Վահանը լավություն է արել, ստորագրել է, որ իրենք չէին փախնելու, էդ պակասորդը կվերադարձնեին, ուղղակի Վահանը երեւի իրենց լավ չի հասկացել : Ինձ ասում էին, որ այդ թուղթը տամ իրենց, Վահանը լավ կլինի, ինչո՞ւ անմեղ մարդիկ էլ գնան, իզուր տեղը կորեն, ես էլ թուղթը վերցրեցի, տվեցի իրեն», - պատմեց Քրիստինեն:

Երբ արդեն ժամանել են Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, Քրիստինեն հասկացել է, որ իրեն խաբել են եւ ետ է ուզել ամուսնու գրությունն ու հանձնել իրական ոստիկաններին: Պատասխանելով հարցին, թե ինքնասպանություն առաջ վաշտում հայտնաբերված այդ ի՞նչ պակասորդի մասին է Վահանը գրել, Քրիստինեն պատմեց, թե ամուսինը եւս մեկ գրություն էր տանը պահել, որտեղ նշել էր վաշտից պակասող բազմաթիվ ապրանքների անունները:

«Պակասորդը վրաններ էին, կասկաներ, անկողնային պարագաներ: Վահանը միշտ ասում էր, որ ես պակասորդով եմ վաշտը ընդունել, դե ասել էին, կբերենք կտանք, դու ընդունի», - ասաց կինը:

«Iնձ թվում է` իրենք էդ գիշեր նրա հետ հերթապահ են եղել, ինչ-որ կոնֆլիկտ են ունեցել հաստատ: Շատ կուզեի, որ էդ երկուսը պատժվեին, որովհետեւ իրենք են հենց մեղավորը` կամբատը ու էդ Հրաչը: Իրենք Վահանի հետ հերթապահ են եղել, ու ինչ եղել է, էդ մի գիշերվա մեջ է եղել: Ըստ երեւույթին, կամբատը ինչ-որ ճնշում է գործադրել: Ի՞նչն էր պատճառը, որ մարդ երեխային տանի մանկապարտեզ, հետո էլ էսենցիա խմի: Ուրեմն էդ մարդը [կամբատը] ծայրահեղ քայլ է արել, ու էդքանից հետո էլ կարողանում է հանգիստ քնի», - ասում էր Քրիստինեն:

Այսպիսով Սովետաշենի զորամասում ծառայող զինվորականը ինքնասպանությունից առաջ գրություն է թողնում զորամասում ի հայտ եկած պակասորդի մասին` նշելով ղեկավարների անունները եւ հետո ինքնասպան լինում:

29-ամյա Վահանը միայնակ թողեց գործազուրկ կնոջը, 3-ամյա որդուն եւ 7-ամյա դստերը: Ընտանիքը ապրում է Երեւանի ծայրամասերից մեկում, երկաթյա ցուրտ, խոնավ տնակում, որը Վահանը գնել եւ Երեւան էր բերել Գյումրիից: Կնոջ փոխանցմամբ` պաշտպանության նախարարությունը որեւէ ցավակցական նամակ չի ուղարկել, որեւէ օգնություն չի տրամադրել: Ավելին, երբ Քրիստինեն փորձել է նախարարությունից որեւէ ֆինանսական աջակցություն ստանալ, նրան շատ կոպիտ պատասխանել են` ոչ մի օգնություն, թող էսենցիա չխմեր` չմեռներ:

«Գնացել էի սոցիալական բաժին` երեխաների թոշակավորման համար, ասացին` իրենց թոշակ չի հասնում, թող չխմեր, չմահանար: Ախր էդ մարդուն դրդել են, չէ՞, որ էսենցիա է խմել: Թող իմ ամուսինը կենդանի լիներ, իրենց թոշակն էլ իրենց մնար», - ասում էր նա:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, սակայն որեւէ մեկը առ այսօր ձերբակալված չէ:

Վահանի անչափահաս երեխաները չգիտեն, որ իրենց հայրն այլեւս չկա: Նրանք հաճախ են խոսում պատից կախված հոր նկարի հետ` սպասելով, որ նա Ռուսաստանից բազմաթիվ նվերներով շատ շուտով տուն է վերադառնալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG