Մատչելիության հղումներ

Թբիլիսիում տեղի ունեցավ եռակողմ բիզնես-ֆորում


Վրաստան -- Թբիլիսիի համայնապատկեր, լուսանկարը` Լյուդմիլա Խերսոնսկայա, 17-ը հունիսի, 2011թ.
Վրաստան -- Թբիլիսիի համայնապատկեր, լուսանկարը` Լյուդմիլա Խերսոնսկայա, 17-ը հունիսի, 2011թ.

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ գործարարների մասնակցությամբ երեկ Թբիլիսիում տեղի ունեցավ բիզնես-ֆորում:

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ գործարարների մասնակցությամբ երեկ Թբիլիսիում տեղի ունեցավ բիզնես-ֆորում, որը կազմակերպել են Վրաստանի ներդրումային ազգային գործակալությունը, TOBB թուրքական կազմակերպությունը եւ արտահանման ու ներդրումների խրախուսման ադրբեջանական հիմնադրամը։

Ֆորումին ներկա պատվիրակությունները ղեկավարել են վրացական կողմից` էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան, Թուրքիայից` էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը եւ Ադրբեջանից` տնտեսական զարգացման նախարար Շախին Մուստաֆաեւը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ֆորումին մասնակցել են գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, դեղագործության եւ մանածագործական արդյունաբերության ոլորտներում աշխատող 200-ից ավելի գործարարներ։

Նախարար Մուստաֆաեւն ասել է, թե Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական բնույթ են ստացել։

«Ես շատ բարձր եմ գնահատում այս եռակողմ ֆորումը, այն մեր տնտեսական կապերի ընդարձակմանն ուղղված եւս մեկ քայլ է: Ի դեպ, նշեմ, որ այս նախաձեռնության հեղինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է»,- երեկ ասել է ադրբեջանցի նախարարը։

Նա նշել է, որ ներկայումս երեք երկրներն իրականացնում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ծրագիրը։

«Հուսով եմ, որ Կարսից երկաթգիծը կշարունակվի դեպի Նախիջեւան, եւ այդպես Ադրբեջանի ու Նախիջեւանի երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի»,- ասել է Շախին Մուստաֆաեւը։

Նրան, ինչպես նաեւ Զաֆեր Չագլայանին երեկ ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

«Վրաստանում Ադրբեջանի ներդրումները 800 միլիոն դոլարի են հասել: Դա նշանակում է հազարավոր նոր աշխատատեղեր եւ տնտեսության զարգացում: Այդ ներդրումները մեր քաղաքացիներից շատերին ապագայի հանդեպ հույս են ներշնչել»,- ասել է Սահակաշվիլին` առանձնահատուկ կարեւորելով Ադրբեջանի ներդրումը Վրաստանի գազաֆիկացման գործում։

Երեկվա ելույթներում նաեւ քաղաքական խնդիրներ են արծարծվել։

«Մենք մեկ ժողովուրդ ենք, երկու պետություն, եւ քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, քանի դեռ շարունակվում է հայերի կողմից ադրբեջանական տարածքի բռնազավթումը, Թուրքիան չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը եւ ավելացրել.- «Մեր վիշտն ու ուրախությունը ընդհանուր են։ Ոչ ոք չի կարող սասանել Ադրբեջանի հետ մեր բարեկամությունն ու եղբայրությունը։ Թուրքիան մեկ միլիմետրով իսկ չի նահանջի այդ դիրքից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG