Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Հովհաննես Թամամյանի դատավարությունը


Հովհաննես Թամամյանը դատական առաջին նիստում, 16 փետրվար, 2012
Հովհաննես Թամամյանը դատական առաջին նիստում, 16 փետրվար, 2012
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը:

Դատարանի դահլիճ Թամամյանը իբրեւ մեղադրյալ մտավ բավական բարձր տրամադրությամբ` ժպիտը դեմքին: Դատարանում ծանոթներին ու հարազատներին նա ողջունում էր, ձեռքի շարժումով հասկացնելով, որ ամեն ինչ շատ լավ է: Իսկ իրեն նկարահանող լրագրողներին էլ խորհուրդ տվեց իրենից բացի մյուս մեղադրյալներին էլ նկարահանել:

«Տղերքին էլ նկարեք, թե մենակ ի՞նձ եք նկարում», - հարցրեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե լրատվամիջոցների համար հայտարարություն չունի՞ անելու, Թամամյանը պատասխանեց` «ժամանակը կգա, կանի»:

Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով, ինչպես նաեւ նույն հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարով: Նշենք, որ Թամամյանի մեղադրանքում կա երկու դրվագ, որոնցից մեկը վերաբերում է Արաբկիրում տեղի ունեցած սպանությանը, իսկ մյուսը` Գավառում տեղի ունեցած սպանության փորձին: Մասնավորապես, ըստ դատախազության, Գավառում 2009-ին սպանության փորձ իրականացրած անձանց քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաեւ իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, Թամամյանը ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու եւ հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց: Ավելին, ըստ դատախազության, Թամամյանը նաեւ ոչնչացրել է սպանության փորձն իրականացրած անձանց առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը: Այս գործից բացի, ըստ դատախազության, Թամամյանը 2010 թվականին Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործով թաքցրել էր վերոհիշյալ հանցագործության կատարմանը մասնակցություն ունեցած անձին եւ միջոցներ չէր ձեռնարկել դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այսօր մեկնարկած դատական առաջին նիստին դատավոր Արշակ Վարդանյանը նախ ներկայացրեց գործով մեղադրյալներին, ապա ճշտեց Թամամյանի ինքնությունը: Թամամյանը, իրեն ներկայացնելիս, չմոռացավ շեշտել, որ ունի «շատ պարգեւներ, այդ թվում` կառավարական»: Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանն էլ հավելեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականին ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար Թամամյանին պարգեւատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով: Պարզվեց նաեւ, որ Թամամյանը պարգեւատրվել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով` փաստաբանի ներկայացմամբ, մարդասիրական սկզբունքների հաստատման, գիտամանկավարժական գործունեության եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար:

Թամամյանից բացի այս գործով մեղադրյալներ են նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության հատկապես կարեւոր գործերով նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատական նիստի ընթացքում մեղադրյալներից Վահան Խանզադյանի պաշտպանը, ով նոր էր ներգրավել գործում իբրեւ հանրային պաշտպան, դատարանից խնդրեց իրեն ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստը հետաձգեց մինչեւ մարտի 6-ը:

Հովհաննես Թամամյանի երկու պաշտպաններն էլ այսօր հրաժարվում էին պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին: Ինչպես Վաղինակ Գեւորգյանը նշեց, իրենք Թամամյանից չխոսելու հանձնարարություն են ստացել: «Չեմ խոսելու: [Մեղադրանքը] ընդունում է, չի ընդունում, դատարանում բոլորդ ներկա կլինենք, կլսեք, կարձանագրեք», - ասաց նա:

Ամեն դեպքում պաշտպանները որոշ հարցերի պատասխանեցին: Մասնավորապես, պաշտպան Արտավազդ Փարսադանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Թամամյանը չի ընդունում, որ գործի հետ կապված գաղտնալսման ամփոփագրեր է ոչնչացրել: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե հանցագործությունները թաքցնելու համար Թամամյանը կաշառք է վերցրել, ապա պաշտպան Վաղինակ Գեւորգյանն ասաց, թե նախնական մարմինը կաշառքի մասով գործը կարճել է:

«Կաշառքի հետ կապված նա ոչ մի առնչություն չի ունեցել, դա ապացուցել է վարույթն իրականացնող մարմինը», - ասաց փաստաբանը:

Թամամյանի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանին տված նախորդ հարցազրույցում ասել է, որ Թամամյանը պնդում է, թե հանցագործություն չի կատարել եւ իրեն մեղավոր չի ճանաչում:

please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG