Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում տարեկան արձանագրվում է մանկական քաղցկեղի մինչեւ 100 դեպք:

6-ամյա Հասմիկը նոյեմբեր ամսից բուժվում է Արյունաբանական կենտրոնում: Նրա տատիկի` Գայանեի խոսքերով, շուրջ 3 ամիս չէին կարողանում հասկանալ, թե երեխան ինչ խնդիր ունի:

«Երեխան թուլություն էր զգում, որն ուղեկցվում էր ոտքի ցավով: Դադարեց դպրոց հաճախել: Երեխան գնալով գունատվում էր, եւ լուրջ անհանգստացանք: Նորից դիմեցինք տեղամասային բժշկին, եւ նա խորհուրդ տվեց արյան անալիզ հանձնել: Միայն դրանից հետո ինչ-որ կասկածներ են առաջ եկել: Նոյեմբերի 4-ից երեխան բուժվում է Երեւանի արյունաբանական կենտրոնում»:

Հասմիկին բուժող բժշկուհին` Լալա Վաղարշակյանը նշում է, որ երեխան արդեն համարվում է ապաքինված, բայց բուժումը պետք է շարունակել, որ կրկնվելու հավանականությունը հասցվի նվազագույնի:

Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է: Այս օրը եւս մեկ առիթ է աշխարհի եւ մասնագետների ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությամբ տառապող երեխաներին: Ամբողջ աշխարհում քաղցկեղը տարեցտարի աճ է ապրում, եւ ամեն տարի գրանցվում է այս հիվանդության 2-3 % աճ:

«ՀՀ-ում երեխաների մոտ արյան ուռուցքային հիվանդությունների աճի արտակարգ միտում չկա», - նշում է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը եւ հավելում, որ տարեկան ախտորոշում են արյան չարորակ հիվանդության շուրջ 25 դեպք:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական Ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժնի պետ Գրիգոր Բադալյանը նշեց, որ թեեւ քաղցկեղով հիվանդների թվի աճ գրանցվում է աշխարհում, սակայն Հայաստանում այդ միտումը չկա: «Տարեկան արձանագրվում է 90-ից 100 մանկական քաղցկեղի դեպք»:

«Համաձայն միջազգային կազմակերպությունների անցկացրած հետազոտությունների աշխարհում տարեկան հիվանդանում են 175.000 երեխա, որից 90.000-ը մահանում են», - նշում է Գրիգոր Բադալյանը:

Արյունաբանական կենտրոնի դիսպանսեր բաժանմունքում այսօր հսկվում են շուրջ 1100 երեխաներ, որից 180-ը տառապում են արյան չարորակ նորագոյացություններով: «Այդ 180 երեխաները պարբերաբար քիմիոթերապիաներ են անցնում կենտրոնում եւ նրանց բուժումը պետպատվերի շրջանակնրում է անցկացվում», - նշում է Դաղբաշյանը եւ հավելում, որ նույնիսկ երկրի ֆինանսական ճգնաժամի տարիներին իրենց ֆինանսավորումը չի տուժել:


XS
SM
MD
LG