Մատչելիության հղումներ

Վրացի միլիարդատերը ստեղծում է «Վրացական երազանք» կուսակցությունը


Վրաստան -- Բիձինա Իվանիշվիլիի ասուլիսը, Թբիլիսի, 15-ը փետրվարի, 2012թ.
Վրաստան -- Բիձինա Իվանիշվիլիի ասուլիսը, Թբիլիսի, 15-ը փետրվարի, 2012թ.

Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է անձամբ գլխավորել կուսակցության ընտրացուցակը:

Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երեկ ներկայացրել է իր ապագա կուսակցության նախաձեռնող խումբը, որը կազմված է 18 հոգուց:

Կուսակցությունը ինչպես հայտնի է, կոչվելու է «Վրացական երազանք», իսկ երազանքը կերտելու հարցում Իվանիշվիլիին օգնելու են Վրաստանի հայտնի հասարակական գործիչներ. Հոլանդիայում, Գերմանիայում եւ Միացյալ Նահանգներում Վրաստանի նախկին դեսպաններ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, գիտնականներ, լրագրողներ, դերասաններ, մարզիկներ: Այս ցանկում առավել հայտնի են հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը` գործարար Գեորգի Ժվանիան, ֆուտբոլիստ Կախա Քալաձեն, ով ավելի վաղ, ի նշան Սահակաշվիլիի իշխանության դեմ բողոքի հրաժարվել էր խաղալ Վրաստանի հավաքականի կազմում, դերասանուհի Նինելի Չանչվեթաձեն:

Նոր կուսակցությունը պաշտոնապես հանրությանը կներկայացվի գարնանը, երբ ավարտին կհասցվի նաեւ կուսակցության մարզային կառույցների ձեւավորումը:

Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կուսակցության ղեկավարն ու ցուցակում առաջին համարը կլինի հենց ինքը, եթե իշխանությունները վերականգնեն իր քաղաքացիությունը: Եթե, այնուամենայնիվ, գործարարին Վրաստանի քաղաքացիություն չշնորհվի, կուսակցությունը կգլխավորի Իվանիշվիլիի կինը` Եկատերինա Խվեդելիձեն:

Բիձինա Իվաննիշվիլին եւ նրա կինը զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից այդ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագրով` Իվանիշվիլիի կողմից քաղաքական դաշտ մուտք գործելու եւ ընտրություններին ակտիվ մասնակցելու մասին հայտարարությունից օրեր հետո: Պաշտոնապես առիթը Իվանիշվիլիի ֆրանսիական եւ ռուսական քաղաքացիություններն էին, որոնցից նա հետագայում հրաժարվեց:

2011 թվականի դեկտեմբերին դատարանը անօրինական ճանաչեց նախագահի հրամանագրի այն հատվածը, որը վերաբերում էր Իվանիշվիլիի կնոջը, մինչդեռ Իվանիշվիլիի քաղաքացիության հարցը լուծված չէ մինչ օրս:

Քաղաքացիությունը վերականգնելու համար Բիձինա Իվանիշվիլին դիմել էր դեռ հունվարի 5-ին: Անձնագրային բաժինը հարցի լուծման ժամկետ էր նշանակել փետրվարի 14-ը, սակայն որեւէ պատասխան ընդդիմադիր քաղաքական գործչին չի տրվել: Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ եզրակացությունը պատրաստ կլինի միայն փետրվարի վերջին եւ որ նախօրոք հայտարարված այլ վերջնաժամկետների մասին իրենք տեղյակ չեն:

Իվանիշվիլին համարում է, որ հարցը ձգձգելը օրենքի խախտում է:

«Ես կարծում եմ, որ նախագահ Սահակաշվիլին չի կարող ինձ չվերադարձնել քաղաքացիությունս, որից ինձ զրկել է ապօրինաբար»,- հայտարարել է վրացի միլիարդատերը:

please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG