Մատչելիության հղումներ

Ամերիկյան վերլուծաբանը Ադրբեջանին հորդորում է զերծ մնալ հակաիրանական քայլերից


Ադրբեջանի եւ Իրանի դրոշները

Ադրբեջանի եւ Իրանի դրոշները

«Հարավային Կովկասի պետություններից ոչ մեկը չի համարձակվի աջակցել Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին Իրանի դեմ հարձակման պարագայում», - համոզված է կովկասյան խնդիրներով զբաղվող առաջատար ամերիկացի վերլուծաբաններից մեկը` Վաշինգտոնում գործող արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Ուեյն Մերին:

«Կովկասում շատ լավ գիտեն, որ իրենք մշտապես ապրելու են իրանցիների հետ կողք կողքի: Տարածաշրջանում նաեւ լավ գիտեն, որ իրանցիները բավական հիշաչար են», -նշում է փորձագետը:

Իսրայելցի դիվանագետների դեմ վերջին հարձակումներով Իրանը նախազգուշական ուղերձ էր հղում ոչ միայն Իսրայելին, այլեւ Վրաստանին ու Ադրբեջանին, համոզված է Մերին: Նրա խոսքով, Հայաստանի պահվածքը Թեհրանին չի անհանգստացնում` հաշվի առնելով երկու երկրների սերտ կապերը:

«Նոյեմբեր ամսին, երբ Երեւանում էի, տեսա, որ Հայաստանն իրանական վառելիքով է ապրում: Այդ երկրների կապերն իրոք շատ սերտ են», - նշում է փորձագետը:

Վրաստանը, նրա կարծիքով, եւս քիչ հավանական է, որ մաս կազմի հակաիրանական հնարավոր կոալիցիային:

«Ամենախոցելի վիճակում Ադրբեջանն է», - համոզված է վաշինգտոնցի վերլուծաբանը: - «Ադրբեջանը շատ միայնակ է` աշխարհի ամենադժվարին ու վտանգավոր տարածաշրջաններից մեկում: Եվ միայն խուսանավելով տարբեր ուժերի միջեւ կարող ես ամրապնդել քո անկախությունը. կարծում եմ` սա մի դաս է, որ Իլհամ Ալիեւն իր հորից շատ լավ սերտել է»:

Վերլուծաբանը Ադրբեջանի համար «անկանխատեսելի հետեւանքներով» հղի է համարում Իրանի դեմ թեկուզ փոքրամասշտաբ հարձակման գործում ամերիկացիներին կամ իսրայելցիներին աջակցելու փորձը, թեկուզ, օրինակ, իր օդային տարածքը տրամադրելու մասով: Նա անգամ չի բացառում, որ այդ դեպքում Ադրբեջանի նավթային պաշարները կարող են Իրանի ռազմածովային ուժերի թիրախը դառնալ:

«Դրանից կարող են այլ ուժեր եւս օգտվել: Եթե իրանցիները դիմեցին նման քայլի` ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն հայերը կամ ռուսները: Ադրբեջանն առանձնապես շատ բարեկամներ չունի, կարելի է անգամ ասել, որ նա ընդհանրապես բարեկամներ չունի, քանի որ նույնիսկ Թուրքիան իր սահմաններից դուրս իրականացվող գործողությունների հարցում շատ զգուշավոր է: Դա Աթաթուրքի ժառանգությունն է», -համոզված է Ուեյն Մերին` խորհուրդ տալով Ադրբեջանի իշխանություններին ցանկացած հակաիրանական քայլից առաջ մտածել դրա հնարավոր հետեւանքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG