Մատչելիության հղումներ

Բնապահպանները դժգոհ են քաղաքապետի հետ հանդիպումից


Բնապահպանները անարդյունավետ են համարում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ երկուշաբթի երեկոյան ունեցած հանդիպումը: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Գայանե Մելքոմյանը, ով մասնակցել է հանդիպմանը, փոխանցեց, թե քաղաքապետը վճռական է տարածքում կրպակներ տեղադրելու հարցում:

«Քաղաքապետը հստակորեն ասաց, որ հանրային քննարկման չի դնելու այս կրպակների կառուցումը, ինչը մենք փորձեցինք առաջարկել: Նա հաստատեց, որ քաղաքապետարանը իր որոշմամբ կրպակները այստեղ է կառուցում` որպես փոխհատուցում Աբովյան փողոցի կրպակների սեփականատերերին, որովհետեւ մեզ ասացին, որ Աբովյանի վրա ժամանակին կառուցված կրպակները սեփականաշնորհված էին, հետեւաբար քաղաքապետարանը ստիպված էր այլ տարածք տրամադրել: Մենք իրականում ոչ մի իրավական հիմնավորում չտեսանք», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բնապահպան-ակտիվիստը:

Գայանե Մելքոմյանի խոսքով, շուրջ երեք ժամ տեւած քննարկման միակ ձեռք բերված պայմանավորվածությունն այն է, որ այսօր երեկոյան բնապահպանները հանդիպելու են Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ` ծանոթանալու «Հին Երեւան» նախագծին, որը ներառում է նաեւ Մաշտոցի այգու տարածքը:

«Ես շատ մեծ սպասումներ չունեմ, որովհետեւ մենք տեսնելու ենք ոչ թե հիմնավորող փաստաթղթեր, այլ տեսնելու ենք մի նախագիծ, որը հետագայում կարող է իրականանալ, կարող է եւ չիրականանալ: Մեզ ասացին, որ երբ «Հին Երեւան» նախագիծը իրականանա, կրպակները այստեղից կհանվեն», - պատմեց Մելքոմյանը:

Այս խոստումը, սակայն, չի գոհացնում բնապահպաններին, ովքեր արդեն հինգերորդ օրն է շարունակում են նստացույցը այգում: Քաղաքապետի հետ հանդիպմանը մասնակցած մեկ այլ ակտիվիստի` Եղիա Ներսիսյանի խոսքով, բնապահպանները չեն հեռանալու այգուց, մինչեւ կրպակները չապամոնտաժվեն:

«Քսան տարի է ասում են` հին Երեւան են կառուցում, բայց անընդհատ քանդում են: Երբ խոսեցինք օրենքից, քաղաքապետն ասաց` ինձ հետ օրենքից չխոսեք, եթե օրենքից խոսում եք, գնացեք դատարան, այստեղ օրենքի մասին չենք խոսում: Այսինքն ապարդյուն հանդիպում էր», - ասաց Ներսիսյանը:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ պատմեց, որ արդեն այսօր քաղաքապետարանի աշխատակիցները այցելել են այգու տարածք, լուսանկարել վնասված ծառերը: Նա դժգոհում էր, թե քաղաքային իշխանությունները պարզապես չեն գիտակցում, որ այգին քաղաքապետարանի սեփականությունը չէ:

Երեկվա հանդիպմանը մասնակցել են նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանը Դաշնակցությունից եւ Անահիտ Բախշյանը «Ժառանգություն»-ից, ինչպես նաեւ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց, թե հանդիպումն արդյունավետ չէր:

«Շատ լավ կլիներ, որ դա չլիներ, բայց ես հասկանում եմ, որ այնպիսի վատ որոշումներ են եղել ժամանակին, որ հիմա միանգամից շտկելը դարձյալ սկանդալի է բերում: Եթե ուրիշ ելք գտնվեր, ես շատ ուրախ կլինեի, բայց անարդյունավետ չէր հանդիպումը: Քաղաքապետը կարծես ընդունում էր, որ քաղաքում շատ-շատ մեծ սխալներ են արվել քաղաքաշինական, հակաէկոլոգիական առումով: Համենայնդեպս, նա չհակադարձեց, որ դա այդպես չէ: Ներկա էր նաեւ գլխավոր ճարտարապետը, որը երեւի առաջին դեպքն էր, որ չէր մտնում դիսկուսիայի մեջ բացասական իմաստով, որ մենք սխալ ենք», - ասաց Դանիելյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG