Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները զանգվածային անկարգությունների մասին նոր ուղեցույց ունեն


Ոստիկանությունը հսկում է Երեւանի Ազատության հրապարակը նախքան ընդդիմությանը հրապարակ թողները, 17 մարտ, 2011

Ոստիկանությունը հսկում է Երեւանի Ազատության հրապարակը նախքան ընդդիմությանը հրապարակ թողները, 17 մարտ, 2011

Հայաստանի ոստիկանությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ մշակել եւ հաստատել է զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման մասին ուղեցույց:

Այն ոստիկաններին բացատրում է, թե որն է զանգվածային անկարգությունը, ինչ է ուժի գործադրումը, որոնք են հատուկ միջոցները, երբ կարելի է կիրառել հատուկ միջոց եւ երբ հրազեն: Ուղեցույցում նշվում է, որ զանգվածային անկարգությունը բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով կամ հրազեն պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողություններն են, որոնց հետեւանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը: Անդրադառնալով ուժի գործադրմանը` ուղեցույցում ասվում է, որ խաղաղ հավաք կազմակերպող ամբոխի գործողությունները վերահսկելու համար որեւէ ուժային միջամտություն հարկավոր չէ, բավարար է սոսկ ոստիկանության ներկայությունը, ծառայողների թվաքանակը, արտաքին տեսքը, վահանների առկայությունը: Ուշագրավ է, որ ուղեցույցում հանրահավաքի մասնակիցների անվան փոխարեն օգտագործվում է ամբոխ ձեւակերպումը:

Ինչ վերաբերում է հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտությանը, ապա, ըստ ուղեցույցի, այն կարող է ծագել, երբ ամբոխի վարքագիծը դուրս է գալիս վերահսկողությունից, ինչպես նաեւ զինված մասնակիցներով միջադեպերի ժամանակ: Ի դեպ, ուղեցույցում ներկայացվում են, թե որոնք են հատուկ միջոցները` ձեռնաշղթան, ռետինե մահակը, էլկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, գազային ատրճանակները, գազային եւ լուսաձայնային նռնակները, ռետինե գնդակներով փամփուշտները, ջրանետ մեքենաները, շները եւ այլն: «Չերյոմուխան», որի պատճառով 2008-ի մարտի 1-ին չորս մարդ զոհվեց, հատուկ միջոցների շարքում չի նշվում:

Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ մարդու նկատմամբ հատուկ միջոցների գործադրման թույլատրելի չափանիշները սահմանում է Առողջապահության նախարարությունը: Այսինքն, նախարարությունը հատուկ միջոցի գործադրման թույլտվություն է տրամադրում, եթե այն ունի մարդու առողջության համար ժամանակավոր, ոչ մահաբեր ազդեցություն եւ օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:

Ինչ վերաբերում է հրազենի գործադրմանը, ապա այն դիտարկվում է իբրեւ վերջին ծայրահեղ միջոց, երբ մնացած հատուկ միջոցները գործադրվել են, սակայն` անարդյունավետ: Ուղեցույցում ասվում է, որ արգելվում է հրազենի գործադրումը` մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ դրանցից կարող են տուժել այլ անձինք:

Ուղեցույցում նաեւ նշվում է, որ նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի եւ հրազենի գործադրումը ոստիկանության ծառայողը պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար: Ընդ որում, զգուշացնելիս ոստիկանությունը պետք է հայտարարի, թե ինչ հատուկ միջոց է պատրաստվում կիրառել:

Այսպիսով, անցած տարեվերջին ոստիկանապետի հրամանով հաստատված այս ուղեցույցը պետք է օգնի ոստիկաններին ճիշտ կողմնորոշվել զանգվածային անկարգությունների ժամանակ եւ գործել համաչափ ու իրավաչափ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց փոխոստիկանպետ Արթուր Օսիկայանը, այս ուղեցույցի օգնությամբ ոստիկանները կկարողանան վերապատրաստվել, ինչը էապես կնվազեցնի ոստիկանների կողմից ոչ իրավաչափ գործողությունները: Հարցին, թե կարելի՞ է ասել, որ այս ուղեցույցը կարող է կանխել մարտի 1-ի սցենարով իրադարձությունները, Օսիկյանը պատասխանեց. - «Ցանկացած դեպքում այս բարելավումները, որ մենք անում ենք օրենսդրության եւ ուղեցույցերի մշակման առումով, նպատակը մեկն է` նվազեցնել բոլոր հնարվոր դեպքերը, երբ ոստիկանը կարող է գործել ոչ իրավաչափ: Մեր նպատակն է բարելավել օրենսդրությունը եւ ուժեղացնել մեր ծառայողների հմտություններ»:

Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ով մեղավոր էր ճանաչել 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ թե այն պատճառով, որ այն ժամանակ նման ուղեցույցեր չկային կամ օրենքներն էին վատը, այլ որովհետեւ իշխանությունը այդ օրենքները կիրառում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու:

«Այս ուղեցույցում ոչինչ ասված չէ այն դեպքերի մասին, թե ինչ պետք է անել, երբ իշխանությունները կազմակերպում են զանգվածային անկարգություններ` խաղաղ ցույցի դեմ ուժ կիրառելու համար: Ես իմ դատական պրոցեսի ժամանակ էլ, երբ խոսք էր գնում խանութների թալանի մասին, ասացի, որ ես որպես հանրահավաքի կազմակերպիչ չեմ կարող կանխել խանութի թալանը, եթե խանութի սեփականատերը ինքը ուզում է, որ այդ խանութը թալանի, որպեսզի դա օգտագործի խաղաղ ցույցի դեմ: Նկատի ունեմ` ինչքան էլ լավը լինեն փաստաթղթերը, դրանք ոչինչ չեն փոխի, եթե երկրում գործում է ապօրինի իշխանություն: Ցանկացած օրենք իշխանությունը կգործադրի այնպես, ինչպես իրեն ձեռնտու է», - ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, թե խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը ինչ մեսիջներ է հղում հասարակությանը. խոսքը ինչպես նմանատիպ ուղեցույցերի մշակման, այնպես էլ արտակարգ դրության ժամանակ բանակն օգտագործելու վերաբերյալ օրինագծի ընդունման մասին է:

«Եթե Սերժ Սարգսյանը ասում է, որ ինքը ուզում է ազատ, արդար ընտրություններ անցկացնել, ճիշտ կլիներ, որ հիմա ոչ թե քննարկեին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, ոչ թե ցույցեր ցրելու ուղեցույց մշակեին, այլ քննարկեին, օրինակ, քվեարկողների մատները թանաքոտելու մասին օրենքի նախագիծը: Այսօր քաղաքական դաշտի գերակշիռ մասը ներկայացրել է առաջարկ մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ: Լավ կլիներ, դրանք կյանքի կոչվեին, որովհետեւ թե արտակարգ դրությունները, թե զանգվածային անկարգությունները տեղի չէին ունենա, եթե երկրում տեղի ունենան օրինական ընտրություններ: Եթե այսօր իշխանությունները քննարկում են մի իրավիճակ, որ կարող են մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ ինչ-որ զուգահեռներ են անցկացնել, նշանակում է, որ իրենք խոստովանում են, որ կրկին ստիպված են լինելու զանգվածային անկարգություններ հրահրել, կազմակերպել, որպեսզի ժողովրդի ազատ, խաղաղ բողոքը ներկայացնեն այդ լույսի ներքո եւ օրինական ուղեցույցով մշակված ուժ կիրառեն եւ այլն», - ասաց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG