Մատչելիության հղումներ

Ընթերցվեցին մեղադրյալների նախաքննական ցուցմունքները


Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) նախկին պետ Մարգար Օհանյանի գործով անցնող մյուս երեք մեղադրյալները հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալ` խնդրելով հրապարակել նախաքննական ցուցմունքները:

Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի նախկին պետ Արա Լեւոնյանը նախաքննություն ընթացքում պատմել է, թե ինպես է Օհանյանը յուրացրել ՃՈ 1-ին եւ 2-րդ գումարտակներին հատկացված վառելիքը` մոտ 574 հազար լիտր բենզին:

Անցած տարվա օգոստոսի 29-ին Լեւոնյանը խոստովանել է եւ պատմել, թե ինչպես 2010-ի հունվարին Օհանյանը իրեն կանչել է իր աշխատասենյակ եւ հանձնարարել, որ 1-ին եւ 2-րդ գումարտակներին հատկացված բենզինի կտրոնների մի մասը իրեն տա, քանի որ ինքն էլ դրանք պետք է «վերեւներին» տա:

«Բայց թե կոնկրետ ում, ինձ չի ասել: Ես էլ չհամարձակվեցի հարցնել», - իր ցուցմունքում ասել է Լեւոնյանը: - «Այդ խոսակցությունից հետո Մարգար Օհանյանի ցուցումի համաձայն, 2010 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս Մարգար Օհանյանին տվել եմ 4 հազար 200 լիտր բենզինի կտրոն: 2010 թվականի հուլիսից սկսած մինչեւ 2011 թվականի հուլիսը ներառյալ Մարգար Օհանյանին տվել եմ 8 հազար լիտր բենզինի կտրոն»:

Մյուս մեղադրյալը` տնտեսական բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանը նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում, եւ մեղադրողը հրապարակեց նաեւ նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի, ինքը Արա Լեւոնյանի ցուցումով է ավելի շատ բենզինի ծախս ցույց տվել, բայց քիչ բենզին տրամադրել ոստիկանության աշխատակիցներին:

Մախմուրյանն իրեն մեղավոր ճանաչեց եւ ասաց, որ զղջում է կատարածի համար:

Չորրորդ մեղադրյալը` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը հայտարարեց, թե իրեն մեղավոր ճանաչում է, եւ նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում:

Կարախանյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:

Դատարանում ընթերցվեց Հատուկ քննչական ծառայությունում նախաքննության ընթացքում Կարախանյանի տված ցուցմունքը:

Ուշագրավ է, որ որպես կասկածյալ հարցաքննվելիս` 2011 թվականի օգոստոսի 26-ին, Կարախանյանն ասել է, թե բենզինի յուրացում տեղի չի ունեցել: Օգոստոսի 29-ին, սակայն, պատմել է, որ ավելի քիչ բենզին է ստացել, բայց հաշվետվություններում շատ են ցույց տվել: Այդ օրը, ինչպես նաեւ սեպտեմբերի 1-ին Կարախանյանն արդեն ցուցմունք է տալիս Մարգար Օհանյանի դեմ` նշելով, որ քիչ բենզին ստանալու հարցով դիմել է անձամբ Օհանյանին:

Օհանյանը իրեն ասել է, թե «այդպես է պետք»` առանց պատճառաբանելու, եւ ինքը կատարել է իր անմիջական ղեկավարի ցուցումը:

Հետագայում արդեն որպես վկա հարցաքննված Կարախանյանը խոստովանում է, թե ոստիկանության բենզինի որոշ մասը չի բաժանել ոստիկանության աշխատակիցներին, այլ օգտագործել է անձնական նպատակներով` լիցքավորել է իր որդուն եւ դստերը պատկանող երեք ավտոմեքենաները: Ընդհանուր առմամբ Կարախանյանը պետությանը պատճառել է 20 միլիոն դրամի վնաս, որն արդեն վերականգնել է:

Երբ հերթ հասավ Մարգար Օհանյանին, նա միջնորդեց, որ դատարանը իրեն 3 օր ժամանակ տա` ցուցմունք տալուն պատրաստվելու համար: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին:

XS
SM
MD
LG