Մատչելիության հղումներ

Նազարյանի գործով հրապարակվեցին առանցքային վկայի նախաքննական ցուցմունքները


Արտակ Նազարյանի դիմանկարը, արխիվ

Արտակ Նազարյանի դիմանկարը, արխիվ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց պայմանագրային զինծառայող 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը:

Առանցքային վկա Արման Մնացականյանը այս անգամ եւս չէր ներկայացել դատին: Նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց Արմավիրի մարզի Վաղարշապատի ոստիկանության կողմից տրամադրված այն տեղեկանքը, համաձայն որի, Արման Մնացականյանը գտնվում է անկողնային հիվանդ վիճակում եւ չի կարող մասնակցել դատավարությանը:

Այնուհետեւ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում, քանի որ դատարանը անաչառ չէ: Միջնորդությանը միացավ երեք ամբաստանյալների պաշտպան Ալվարդ Մնացականյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը։ Մնացականյանը հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է դրսեւորում, մասնավորապես՝ առանցքային վկայի հարցաքննությունը դեռեւս չավարտած, որոշում է որպես հիմք ընդունել նրա նախաքննական ցուցմունքները:

Մեղադրող կողմը՝ զինվորական դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը, դեմ արտահայտվեցին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությանը:

Դատարանը մերժեց ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, ինչից հետո տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը լքեցին դատարանի դահլիճը:

Նիստի ավարտին հրապարակվեցին վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները:
Հերթական դատական նիստը կկայանա մեկ շաբաթ անց:


Նարե Ստեփանյան, Լոռի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG